18:06 | 30.09.14 | Նորություններ | 2357
Այսօր մեկնարկել է Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) «Ուղարկիր սելֆի եւ օգնիր մեկ երեխայի պայքարել կուրության դեմ» առցանց արշավը:
Այն իրականացվում է Տեսողության համաշխարհային օրվա շրջանակներում եւ նպատակ ունի հայտնաբերել երեխաների տեսողության խնդիրներն ու կանխարգելել կուրությունը՝ աչքի հետազոտությունների իրականացման եւ ակնոցների տրամադրման միջոցով:
Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը Orange-ի ֆեյսբուքյան էջին ուղարկված եւ այնտեղ հրապարակված յուրաքանչյուր ինքնանկարի դիմաց մեկ անվճար ակնոց կտրամադրվի Արմավիրի մարզի՝ տեսողության խնդիրներ ունեցող մեկ երեխայի: ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կիրականացնեն աչքի հետազոտություններ, որից հետո կայքում տեղադրված սելֆիների հաշվով կպատրաստվեն ակնոցներ:
«Ուղարկիր սելֆի եւ օգնիր մեկ երեխայի պայքարել կուրության դեմ» առցանց արշավի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
«Աշխարհում կուրության 80%-ը կարելի է կանխարգելել կամ բուժել՝ տեսողական խնդիրները վաղ շրջանում հայտնաբերելու միջոցով: Selfie նկարելը հեշտ է, արագ եւ անվճար, այնպես որ, բոլորին խրախուսում եմ մասնակցել այս արշավին եւ իրենց ներդրումն ունենալ կուրության կանխարգելմանն ուղղված այս շատ կարեւոր նպատակի իրականացման գործում»,- նշել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Տեսողության համաշխարհային օրը հիանալի առիթ է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ կուրության կանխարգելման կարևորությունը շեշտադրելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում բոլոր կազմակերպություններին միանալ մինչև 2019թ.-ը կանխարգելվող կուրության դեպքերը 25%-ով նվազեցնելու միասնական նպատակին: Այսպիսով, կոչ ենք անում բոլորին միավորվել այս համաշխարհային նախաձեռնության շուրջ՝ նկարելով ինքնանկար, մի գործողություն, որ շատերն ամեն օր անում են պարզապես հաճույքի համար»,- իր հերթին ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: