17:36 | 17.09.14 | Նորություններ | 1865
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) ավարտվել է 2014թ. ապրիլին մեկնարկած եւ Beeline-ի հովանավորությամբ ընթացող «Կախարդական լաբիրինթոս» կրթական ծրագիրը, որին մասնակցել են 1000-ից ավելի դպրոցականներ եւ ընտանիքներ:
Ծրագիրն իրականացվում էր կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում: Այն նախատեսված էր ընտանիքների եւ 5 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների համար եւ բաղկացած էր երկու մասից: Առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում ծանոթանում էին Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին: Այնուհետեւ, իրենք ստեղծում էին իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր:
«Անչափ տպավորված եմ երեխաների աշխատանքներով, ովքեր ջանք չխնայելով ցուցաբերել են յուրահատուկ ստեղծագործական մոտեցում եւ վառ երևակայություն։ Հավատացած ենք, որ այս ծրագիրն օգնել է դպրոցականներին եւ նրանց ընտանիքներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Լինելով արդյունքների ականատեսը, մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ կշարունակենք մեր ակտիվ մասնակցությունը սոցիալական ծրագրերի իրականացման գործում»,- նշել է Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ապրիլից մինչ օգոստոս Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ի աջակցությամբ իրականացրել է «Կախարդական լաբիրինթոս»-ի շուրջ 58 դասընթաց դպրոցների եւ ընտանիքների համար: Դրանց, ընդհանուր առմամբ, մասնակցել են 1000-ից ավելի դպրոցականներ եւ ընտանիքներ: Ինչպես կենտրոնի կողմից իրականացվող բոլոր կրթական ծրագրերը, «Կախարդական լաբիրինթ»-ը նույնպես անվճար էր բոլորի համար»,- ասել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Նշենք, որ Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացվելիք հերթական ծրագիրը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերին։