Մարիո Մացոլան
16:22 | 10.09.14 | Նորություններ | 4348
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ.-ի մրցանակը կշնորհվի Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային:
Մրցանակակրի անունն այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Cisco-ն տեղեկատվական, հեռահաղորդակցային ոլորտում հնչեղ անուն ունեցող ընկերություններից է: Այն ապագա սերնդի հաշվիչ կենտրոնների, ինժեներական լուծումների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից է, եւ այն փաստը, որ ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, այդքան բազմազբաղ լինելով, համաձայնել է ժամանել Հայաստան, մեծ նշանակություն ունի մեզ համար»,- ասել է նա:
Մարիո Մացոլան Հայաստան կժամանի նոյեմբերի 9-ին: Մրցանակի շնորհման պաշտոնական արարողությունը կկայանա ՀՀ նախագահի նստավայրում նոյեմբերի 11-ին:
Հովիկ Մուսայելյանը նշել է, որ ամեն տարի մրցանակին արժանացող յուրաքանչյուր դափնեկիր ինչ-որ կերպ կապվում է Հայաստանին եւ դառնում մեր երկրի «դեսպանը»:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Intel կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը (2010թ): 2011 թ.-ին Հայաստանի նախագահի մրցանակը ստանալու համար Հայաստան էր ժամանել Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, ում հետ բացառիկ հարցազրույց էր անցկացրել Մեդիամաքս-ը: Երրորդ դափնեկիրը Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո եւ էլվա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին էր, իսկ 2013 թ.-ին մրցանակը շնորհվել էր Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյին:
«Որեւէ մեկ այլ երկիր այցելելու եւ այնտեղ մեկ դասախոսություն կարդալու համար այս հեղինակավոր մարդկանց վճարում են հարյուր հազարավոր դոլարներ: Սակայն Հայաստան այցելելով եւ այստեղ մրցանակ ստանալով՝ մենք հնարավորություն ունենք առանց նման մեծ գումարներ ծախսելու հանդիպել նրանց: Այս մարդկանց շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում ՏՏ ոլորտի գլոբալ քարտեզի վրա: Նրանք բերում են իրենց փորձը, նոր բիզնես-մշակույթը, մտածելակերպը, հանդիպում են մեր ուսանողներին եւ մեզ ավելի մոտեցնում գլոբալ տեխնոլոգիական գործընթացներին»,- ասել է Հովիկ Մուսայելյանը:
Մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր հերթին ասել է, որ արդեն հինգերորդ տարին անցկացվող մրցանակաբաշխությունը կարողացել է ծառայել իր նպատակին եւ գաղափարախոսությանը՝ ճանաչելի դարձնել Հայաստանը ՏՏ ոլորտի միջազգային քարտեզի վրա:
«Մրցանակը ստանալու գլխավոր պայմանն այն է, որ մրցանակակիրը անպայման պետք է ժամանի Հայաստան: Այս այցի ընթացքում նա կիսվում է իր փորձով, ոգեւորում է մեր երիտասարդներին, անցկացնում է վարպետության դասեր, հանդիպումներ ունենում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Մրցանակակիրների այցելություններից հետո կապը Հայաստանի հետ չի ընդհատվում: Օրինակ՝ 2012 թ.-ի դափնեկիր Ֆեդերիկո Ֆաջին ցանկություն է հայտնել այս տարի ժամանել Հայաստան եւ ներկա գտնվել այս տարվա մրցանակաբաշխության արարողությանը: Անցյալ տարվա մեր մրցանակակիրը ՝ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, սկսել է գիրք գրել Հայաստանի եւ Հայաստանում ՏՏ ոլորտի մասին: Սա եւս մեկ վկայություն է այն մասին, որ մրցանակը ծառայում է իր նպատակին»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Մրցանակաբաշխության հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության միջազգային ընտրող հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք Հայաստանի կերպարը դարձնում են ամբողջական եւ ավելի ընկալելի:
«Արդեն հինգ տարի մեր ընկերությունը ստանձնում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակի հովանավորությունը՝ մի ծրագրի, որն ամրապնդում է Հայաստանի՝ որպես համաշխարհային ՏՏ ոլորտում կարեւոր մասնակցի դրական կերպարը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: