13:18 | 29.08.14 | Նորություններ | 3481

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է սփյուռքահայ կամավորներին

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած «Դեպի Հայք» հիմնադրամի 20-ից 30 տարեկան հայ երիտասարդ կամավորներ, ովքեր պատրաստակամ են մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաև որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը:

«Ողջունելի և խոստումնալից է, որ կայացրել եք այս որոշումը և այցելել եք հայրենիք: Այժմ դուք մեր սիրելի Հայաստանի դեսպաններն եք աշխարհում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ողջունելով ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Սիրիայից, Մեքսիկայից, Լիբանանից և Կանադայից ժամանած հայ երիտասարդներին:

2004 թվականից ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 32 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից է, որոնք հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան գալու և տարբեր նախագծերի մասնակցելու հարցում:

 «Որտեղ էլ որ լինեն աշխարհով մեկ սփռված հայերը` պետք է կարևոր համարեն Հայաստանի տնտեսության զարգացումը: Ուրիշ էլ ո՞վ պետք է հոգա երկրի տնտեսական առաջընթացի և բարօրության մասին, եթե ոչ՝ մենք: Մենք բոլորս պետք է լինենք հաստատակամ, հետևողական և աշխատասեր: Հարկավոր է միայն հիշել, որ աշխարհի ոչ մի երկիր զերծ չէ խնդիրներից: Հաջողության են հասնում նրանք, ովքեր ձգտում են ստանալ շոշափելի արդյունք: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական ու կորպորատիվ պատասխանատվության զգացումով», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընդգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: