13:31 | 25.07.14 | Նորություններ | 3087

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink-ի համատեղ ծրագիրը կշարունակվի նաեւ 2014-ին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը այսօր ներկայացրել են առողջական խնդիրներ ունեցող, վաղաժամ ծնված երեխաների խնամքի բարելավմանը եւ Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության զեկույցը:

Ծրագիրը մեկնարկել է 2008-ին՝ անցյալ տարիների ընթացքում ընդգրկելով 11 նորածնային բաժանմունք Երեւանում եւ 23 բաժանմունք Հայաստանի 7 մարզերում: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ BirthLink-ի համատեղ ծրագրի նպատակն է Հայաստանում նորածնային մահացությանը կրճատումը՝ ժամանակակից եւ նոր բուժսարքավորման ապահովման, նորածնային բաժանմունքների վերասարքավորման եւ բուժանձնակազմի վերապատրաստման միջոցով:

«Նորածնային մահացությունը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում. բացառություն չէ նաեւ Հայաստանը: Անհնար է անտարբեր մնալ՝ գիտակցելով, որ կարելի է փրկել բազմաթիվ երեխաների, որոնք մահանում են անհրաժեշտ սարքավորումների բացակայության կամ մասնագիտացված բուժօգնության անհասանելիության պատճառով: «BirthLink»-ի հետ ձեռք ձեռքի՝ մենք որոշեցինք պայքարել Հայաստանում ծնվող յուրաքանչյուր երեխայի կյանքի համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագիրը կշարունակվի նաեւ 2014թ.-ին՝ ներառելով Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածի և Սյունիքի մարզերի ինը բուժհաստատություն: 2008-2014թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրագործման համար տրամադրել է շուրջ 535 մլն դրամ: