13:07 | 26.06.14 | Նորություններ | 1385

Google-ը ներկայացրել է Android L օպերացիոն համակարգը

Google ընկերությունը հունիսի 25-ին հանրությանն է ներկայացրել Android L օպերացիոն համակարգը:

Ինչպես հաղորդում է РБК-ն, Android L-ն առանձնանում է մի շարք վիզուալ նորարարություններով: Օրինակ, “Home” կոճակը կլոր է դարձել, փոփոխության է ենթարկվել նաեւ համակարգի ստանդարտ տառատեսակը, քանի որ Google-ում կարծում են, որ Android L-ի տառատեսակն ավելի հարմար է ընթերցման համար:

Նշենք, որ Android-ի նոր տարբերակի ներկայացումը նախորդ տարվանից ի վեր օպերացիոն համակարգի առաջին խոշոր թարմացումն է:

Google ընկերության Android-ի մշակման գծով ավագ փոխնախագահ Սունդրա Պիչային, ներկայացնելով օպերացիոն համակարգը, հույս է հայտնել, որ դրանից կօգտվեն ավելի քանի 1 մլրդ ակտիվ օգտատերեր:

Ի դեպ, Android L-ի վերջնական ներկայացումը կկայանա աշնանը:

Նույն օրը հանրությանը ներկայացվել է եւս մեկ նորարարություն` ինտերնետ հեռուստացույց, որն աշխատելու է Android-ի հիմքով: Հեռուստացույցով կարելի է դիտել ինտերնետից ներբեռնած ֆիլմեր, խաղալ եւ աուդիոհավելվածներ օգտագործել: Հեռուստացույցը հնարավոր է կառավարել Android հիմքով բջջային հեռախոսի օգնությամբ:

Հավելենք, որ հունիսի 25-ին տեղի է ունեցել նաեւ Android One օպերացիոն համակարգի բազային տարբերակի շնորհանդեսը, որը նախատեսված է զարգացող երկրների համար. դրա շուկայական արժեքը չի գերազանցի $100-ը: