16:59 | 23.06.14 | Նորություններ | 3628

Orange Հիմնադրամի աջակցությամբ Վայոց Ձորում ակնաբուժական ծառայություններից օգտվել է շուրջ 1 000 մարդ

Ավարտվում է Վայոց Ձորի մարզում Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համատեղ ծրագիրը:
 
Ծրագրի շրջանակներում շուրջ 1 000 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, որոնցից 200-ն անցել է խորացված հետազոտություն շարժական հիվանդանոցում:

Մարզում ծրագրի արդյունքներով 120 հոգի անվճար վիրահատվել է, իսկ 50 հոգի՝ ստացել անվճար լազերային բուժում: Ծրագրի շրջանակներում սեպտեմբերին Վայոց Ձորի դպրոցներում ակնային զննումներ եւ ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ կիրականացվեն նաեւ երեխաների համար:

«Ուղղված լինելով բացառապես Հայաստանի մարզերի բնակչությանը՝ ծրագիրն  իրական ու շոշափելի փոփոխություն է բերում մարդկանց կյանքում: Այսօր ամփոփում ենք Վայոց Ձորում ծրագրի արդյունքները եւ գոհունակությամբ ենք նշում, որ այս մարզում շուրջ 1000 մարդ օգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից: Վայոց Ձորից  Աչքի շարժական հիվանդանոցը կուղեւորվի Գեղարքունիքի մարզ, որտեղ արդեն մեկնարկել են ակնային զննումները», - ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համատեղ 2014 թ. ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11 300 մեծահասակների եւ 4 600 երեխաների, տրամադրել շուրջ 2 000 ակնոց:

Սկսած 2011 թ. Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ ավելի քան 50 000 հոգի անցել են ակնային զննումներ:

Ծրագիրը գործել է  Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի, Արագածոտնի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ: