14:31 | 30.05.14 | Նորություններ | 1380

ԴիջիԹեք բիզնես ֆորում. Կքննարկվեն բիզնես մարտահրավերների տեխնոլոգիական լուծումները

Հունիսի 20-21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու  լավագույն տեխնոլոգիական լուծումներ:

  Ֆորումի ընթացքում կներկայացվի բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական եւ միջազգային լավագույն փորձը, աշխատանքներին կմասնակցեն գործարար համայնքը, պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ եւ փորձագետներ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ այս տարի ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կմասնակցեն տեղական, ռուսական եւ վրացական շուրջ 50 ընկերություններ: Այցելուների թիվը կհասնի 3000-ի, որոնցից 500-ը կլինեն ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

«2008-ին, երբ ֆորումն առաջին անգամ էր անցկացվում, տեղեկատվական տեխնոլոգիաները տարածված չէին: Կարիք կար գործարարներին բացատրելու, որ ՏՏ-ի կիրառումն իրականում բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Այսօր պատկերն այլ է. գործարարն ինքն է իր խնդիրներն ու պահանջները ներկայացնում ՏՏ ոլորտի ընկերություններին»,- նշել է Կարեն Վարդանյանը:

«Հայաստանի կառավարությունը կարեւորում է տեղական շուկայում տեխնոլոգիաների արտադրանքի եւ ծառայությունների սպառման ծավալների աճը, ինչպես նաեւ տնտեսության տարբեր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների կիրառման մակարդակի բարձրացումը: Այս նպատակով ԴիջիԹեք Բիզնես ֆորումը կարեւոր դեր է խաղում ոլորտի գործարար կապերի ամրապնդման, տնտեսության այլ ճյուղերում ՏՀՏ-ի կիրառմանը նպաստելու եւ տեխնոլոգիական ոլորտը համախմբելու առումով»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, կոչ անելով գործարարներին ակտիվ մասնակցություն ունենալ ԴիջիԹեք 2014-ի աշխատանքներին:

«ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի զարգացող բիզնես միջավայրում: Հանդիսանալով բիզնեսի համար առաջատար լուծումների մատակարար եւ միաժամանակ պատվիրատու, ինչպես նաեւ արդեն 4-րդ անգամ լինելով ֆորումի գլխավոր հովանավոր, համարում ենք, որ սա եզակի հարթակ է գործարար կապեր հաստատելու, նոր գործընկերներ եւ հաճախորդներ ներգրավելու համար»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ ֆորումի շրջանակում կկայանան գործարար ներկայացումներ եւ սեմինարներ, կլոր սեղաններ, կկազմակերպվի ցուցահանդես: Միջոցառման օրակարգում ընդգրկված են հետեւյալ թեմաները` զբոսաշրջություն, սպասարկում եւ առեւտուր, գյուղատնտեսություն եւ վերամշակում, շինարարություն եւ հանքարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ եւ էլեկտրոնային առեւտուր, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ:

ԴիջիԹեք գործարար համաժողովն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline): Համաժողովի հովանավորներն են նաեւ Կոնվերս Բանկը եւ ռուսական «Arinteg» ընկերությունը: