15:47 | 17.04.14 | Նորություններ | 1140

Սերժ Սարգսյանն ընդունել է Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին, ով Հայաստան է ժամանել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով:

ՀՀ նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել է նրա այցը, որը նպատակ ունի ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին, աջակցելու կենտրոնի կրթական բովանդակության մշակմանը ծրագրավորման ոլորտում, ինչպես նաեւ Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու հայկական ՏՏ համայնքին հուզող մարտահրավերները:

Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է՝ նախագահն այդ ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններն ուրախալի եւ երիտասարդ սերնդի համար ուղենշային է համարել:

Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը:

Րաֆֆի Գրիգորյանը ներկայացրել է իր ունեցած հանդիպումները, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Նրա խոսքով, ոլորտի զարգացման հետ կապված ոգեւորիչ օրինակներ կան, որոնք հեռանկարային են դարձնում ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում: