13:56 | 31.03.14 | Նորություններ | 2868

MNP-ի գործարկումից հետո կարգավորողը ավելի խիստ է լինելու օպերատորների հանդեպ

Ապրիլի 1-ից շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) գործարկումից հետո ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի խիստ եւ ուշադիր է լինելու օպերատորների նկատմամբ:

Այս մասին այսօր ասել է հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:

«Փորձը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում նման ծառայության գործարկումից հետո, օպերատորները խախտելով էթիկան, իրենց գործունեությունը շարունակում են իրականացնել ոչ մրցակցային պայմաններով՝ օգտագործելով, մասնավորապես, ոչ ճիշտ գովազդային հոլովակներ եւ կիրառելով դեմպինգային գներ», - ասել է նա:

Խոսելով Հայաստանում MNP-ի գործարկման մասին, Սամվել Արաբաջյանն ասել է, որ օպերատորները կատարել են իրենց բոլոր պարտավորությունները եւ ծառայությունը կմատուցվի ապրիլի 1-ից:

Ծառայությունը մատուցվելու է անվճար հիմունքով, բաժանորը հնարավորություն կունենա միանալ այլ օպերատորի ցանցին 3 աշխատանքային օրերի ընթացքում: 148 կարճ համարին զանգ կատարելիս, հնարավոր կլինի հարցում կատարել այն մասին, արդյո՞ք բաժանորդը մնացել է իր մայր ցանցի ներսում, թե տեղափոխվել է այլ ցանց:

Հանձնաժողովի անդամը պարզաբանել է նաեւ համարների տեղափոխելիության կարգն այն բաժանորդների համար, ովքեր օգտագործում են պայմանագրով ձեռք բերված բջջային հեռախոսներ:

«Եթե բաժանորդը պայմանագիր է կնքել եւ գնել ընկերության կողմից սուբսիդավորված հեռախոս, ապա այլ բջջային ցանց համարը տեղափոխելու համար, օպերատորը պարտավոր է անվճար հիմունքով ապակոդավորել հեռախոսը», - ասել է Սամվել Արաբաջյանը: