14:09 | 26.03.14 | Նորություններ | exclusive 1587

Թումանյանի տուն-թանգարանը կընդլայնի 3D-հեքիաթների ցանկը եւ կստեղծի «Պատրանքային հայելիների» սրահ

Մոտ մեկ տարի է, ինչ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում գործում է «Մութ ու Լուս աշխարհ» սրահը, որտեղ ցուցադրվում է «Ձախորդ Փանոսը» հեքիաթի եռաչափ անիմացիան`5 րոպե տեւողությամբ:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ Թումանյանի հեքիաթի հիման վրա ստեղծված անիմացիան մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների մոտ, մասնավորապես, երեխաների: Արդյունքում եռապատկվել է թանգարանի այցելուների թիվը:

Տնօրենի խոսքով, հեքիաթի ընտրությունը պայմանավորված է դրա գործողությունների առատությամբ, ինչն անհրաժեշտ է անիմացիայի համար:

«Անիմացիայում անսպասելիության պահերը շատ են. 3D տեխնոլոգիաների շնորհիվ, թվում է, թե գործողությունները քեզ հետ են կատարվում: Մի հատված կա, երբ ձուկը լողում է ջրում, երեխաները ձեռքերը մեկնում են՝ ցանկանալով «բռնել» նրան», - պատմել է Նարինե Թուխիկյանը:  

«Մութ ու Լուս աշխարհ»-ում անիմացիան կարող են դիտել 8-10 հոգի՝ մուտքի տոմսի դիմաց վճարելով 100 դրամ: Թանգարանի տնօրենը նշել է, որ տոմսերի վաճառքից ստացած հասույթը փոխանցում են «Նվիրիր կյանք» հիմնադրամին:

Ձախորդ Փանոսին 3D ֆորմատով ներկայացնելու եւ հեքիաթին նոր շունչ հաղորդելու գաղափարի հեղինակները թանգարանի աշխատակազմն է, իսկ գաղափարն իրականություն է դարձրել Interactive world Armenia ընկերությունը, որն արդեն պատրաստել է թանգարանի համար Թումանյանի հոլոգրաֆիկ պատկերը:

Մեդիամաքս-ի հետ զրույցում ընկերության մենեջեր Ռոլանդ Կիրակոսյանն ասել է, որ «Ձախորդ Փանոսը» ընկերության առաջին 3D ֆորմատով մուլտֆիլմն է:

«Մոտ մեկ տարի մեր մասնագետներն աշխատեցին մուլտֆիլմի պատրաստման վրա: Կարծում եմ, արդյունքում, Թումանյանի հեքիաթը նոր շունչ ստացավ», - ասել է Ռոլանդ Կիրակոսյանը:

Interactive world Armenia ընկերությունը համագործակցում է մի քանի թանգարանների հետ, այդ թվում, Երեւանի պատմության, Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Արամ Խաչատրյանի թանգարանների հետ:       

Թումանյանի տուն-թանգարանը մտադիր է ավելացնել եռաչափ հեքիաթների ցանկը, քանի որ, Նարինե Թուխիկյանի խոսքով, «այցելուները նորություններ են պահանջում»: Հավանաբար, մյուսը կլինի «Սուտլիկ որսկանը»:

Interactive world Armenia ընկերության հետ համատեղ թանգարանը մտադիր է բացել նաեւ «Պատրանքային հայելիների» սրահ, որտեղ հայելիների մեջ այցելուները կտեսնեն ոչ միայն իրենց արտացոլանքը, այլ նաեւ Թումանյանի հեքիաթների հերոսների արտացոլանքը:  

Թումանյանի տուն-թանգարանի «Մութ ու Լուս աշխարհ» սրահը բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ընտանիքի հանգանակության շնորհիվ:  
 
«Ձախորդ Փանոսը» հեքիաթի եռաչափ անիմացիայի թրեյլերը կարող եք դիտել այստեղ.