14:52 | 27.02.14 | Նորություններ | 1006

AMNIC Net դոմենների գրանցման բազայում փոփոխություններ կատարելու համար ադրբեջանցիները ձեռք էին բերել «Արմինկո»-ի տվյալները

Ադրբեջանական Sexavet հաքերային խմբավորումը AMNIC Net դոմենների գրանցման բազայում DNS հարձակման միջոցով փոփոխություններ կատարելու համար «կոտրել» էր «Արմինկո» պրովայդերին` ձեռք բերելով վերջինս IP-հասցեն, մուտքի կոդն ու գաղտնաբառը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ADC ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Սարգսյանը:

«ADC ընկերության համակարգը կառուցված է այնպես, որ մենք ամբողջությամբ փակ ենք դրսի հարձակումների համար: Հայաստանից դուրս ոչ մի օգտատեր որեւէ IP-հասցեով չի կարող մուտք գործել այն հատված, որտեղ գտնվում է կոնկրետ DNS-ների հետ կապված տեղեկատվությունը»,-ասել է Կարեն Սարգսյանը:

««Կոտրելով» Հայաստանում գործող լոկալ պրովայդերներից մեկին` «Արմինկո»-ին, ադրբեջանցիները նրա IP-հասցեով, մուտքի կոդով ու գաղտաբառով դիմել են մեր համակարգին եւ մեկ փորձից ճիշտ հավաքելով գաղտնաբառն ու մուտքի կոդը, մուտք են գործել համակարգ, որտեղից  փոփոխություններ են կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում»,- ասել է նա:

Կարեն Սարգսյանն ասել է, որ  AMNIC-ի համար դա դիտվել է որպես նորմալ երեւույթ, քանի որ ADC-ի հաճախորդն իրավունք ունի նման փոփոխություն կատարել:

«Այստեղ մի փոքր խնդիր կա, երբ, օրինակ, 2 րոպեի ընթացքում «սկրիպտ»-ի միջոցով AMNIC-ը չպետք է թույլ տար DNS-ները փոխել, բայց դա հետագայում կշտկվի», - ասել է Կարեն Սարգսյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ, իր ծավալով ու բնույթով երեկվա հարձակումն առանձնանում է, «քանի որ այս դեպքում ադրբեջանցիներին հաջողվել էր փոխել այնպիսի կայքերի DNS տվյալներ, որոնք մինչ օրս խոցելի չեն եղել` ունենալով լավ պաշտպանված սեփական անվտանգության համակարգ»:

Կարեն Սարգսյանը նշում  է, որ ADC ընկերության համակարգը ներկայումս  նմանատիպ հարձակումներից պաշտպանված է 99.9%-ով: