16:11 | 13.12.13 | Նորություններ | 1619

Microsoft ՏՏ ակադեմիան մեկ տարեկան է

Microsoft ՏՏ ակադեմիան, որտեղ արդեն իսկ վերապատրաստում է անցել 400 ունկնդիր, մեկ տարեկան է:

Ակադեմիան բացվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին: Այն ներառված է ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի կազմում:

“Հայաստանի ՏՏ ոլորտը գնալով ավելի է զարգանում եւ այսօր արդեն համարվում է տնտեսության ամենահաջողակ ոլորտը: Ոլորտի ամենամեծ խնդիրը կադրերի պատրաստումն է: Փորձը ցույց է տալիս, որ ՏՏ ակադեմիայի ստեղծումից շահել են բոլոր կողմերը: Տեղական ընկերությունները ձեռք են բերել ու շարունակում են ձեռք բերել որակյալ կադրեր: Microsoft-ի համար եւս շատ հետաքրքիր է այս համագործակցությունը, քանի որ այն փոխշահավետ է: Շահում է ԲՈՒՀ-ը, քանի որ որակապես աճում են դասախոսների գիտելիքները, ուսանողներն էլ` մասնակցելով այս ծրագրին, ստանում են գիտելիք եւ հավաստագիր ամենամատչելի գներով”,- նշել է Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

ՀՊՃՀ Մինչբուհական եւ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանի խոսքերով, Microsoft-ի կողմից տրամադրված ծրագրերով, նյութերով եւ մեթոդաբանությամբ ակադեմիայում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ ՀՊՃՀ դասախոսական կազմի եւ ուսանողների համար: Ակադեմիայի լսարաններում տեղադրված է ընկերության արտոնագրված ամենաարդիական ծրագրային ապահովությունը:

Նշենք, որ 2011 թ-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրվել էր համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագիր: Այսօր ամփոփվել են երկու տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել ապագա ծրագրերին: