16:11 | 27.11.13 | Նորություններ | 2901
Նոյեմբերի 21-ից 24-ը Orange France-ի հեռախոսակայաններից 750 կամավորներ հեռախոսազանգեր են կատարել 50 000 ընտանիքների եւ ձեռնարկությունների, որի արդյունքում ավելի քան 1 460 000 եվրոյի չափ նվիրատվության խոստումներ են գրանցվել, ինչը 4%-ով ավելի է, քան անցյալ տարի:
Այս նվիրատվություններից 1 240 000€ գրանցվել է Ֆրանսիայից, 62 000€` Գերմանիայից, 77 000€` Շվեյցարիայից, 23 000€` Հունաստանից, 11 000€` Բելգիայից եւ այլն:
Հեռախոսամարաթոնից ստացված հանգանակություններն ուղղվելու են Հայաստանի գյուղական վայրերում, մասնավորապես, Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին, Ղարաբաղում 16 նոր գյուղական կենտրոնների կառուցմանը, սիրիահայերին աջակցության ծրագրերին:
14 տարի շարունակ Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս կողմից իրականացվող Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին:
Orange France-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կամավորներին օգնում է իր փորձով ու գիտելիքներով եւ վերջիններիս տրամադրության տակ է դնում հեռահաղորդակցության եւ ՏՏ անհրաժեշտ միջոցները, մասնավորապես, Կաշանում, Լիոնում, Մարսելում եւ Տուլուզում գործող իր հեռախոսային կայանները: Ի հավելումն այս տեխնիկական աջակցության՝ Orange Հիմնադրամն այս տարի նաեւ 60,000€ գումարի չափով աջակցություն է ցուցաբերել:
Այս տարի հեռուստամարաթոնը Հայաստանում տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Հայաստանում Orange-ը նաեւ իր բաժանորդներին հնարավորություն է տալիս կատարել նվիրատվություններ՝ ուղարկելով SMS 7733 համարին կամ զանգահարելով 090008000 համարով: Մեկ SMS ուղարկելու եւ մեկ զանգ կատարելու դեպքում Orange-ի բաժանորդները կնվիրաբերեն 500 դրամ: