14:40 | 25.11.13 | Նորություններ | 1028

IBM-ի ակադեմիական ռեսուրսներն անվճար կլինեն նաեւ ՀՀ բուհերի համար

IBM ակադեմիական նախաձեռնությունն այսուհետ իր ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն կընձեռի նաեւ հայաստանյան բուհերին:

IBM-ի նորագույն սարքավորումներից, ծրագրային ապահովումներից, ինչպես նաեւ վիրտուալ գրադարաններից եւ ուսումնամեթոդաբանական նյութերից օգտվելու հնարավորությունների մասին այսօր կայացած հանդիպման ժամանակ խոսել է Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայում ծրագրի համակարգող Ալեքսեյ Պոլունինը:

“IBM-ը պատրաստ է համագործակցել բուհերի հետ տարբեր մակարդակներում: Եթե տվյալ բուհը խորը համագործակցության կողմնակից է, մենք պատրաստ ենք: Ծրագրի կարեւոր կողմերից է այն, որ մենք աշխատում ենք ոչ թե անմիջապես ուսանողների, այլ դասախոսների հետ: Դասախոսներն այստեղ միջնորդներ են, եւ  նրանցից է կախված ծրագրի արդյունավետությունը կոնկրետ բուհում: Մենք հետաքրքրված ենք, որպեսզի բուհերում զարգանան ակադեմիական կենտրոններ: Ուսանողներին տալիս ենք պրակտիկայի հնարավորություն մեր բիզնես գործընկերների մոտ: Հետագայում նաեւ նպատակ ունենք  համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնել”,- մանրամասնել է Պոլունինը:

Ծրագրի համակարգողը նշել է, որ IBM-ն աջակցելու է նաեւ նորաստեղծ կազմակերպություններին բիզնեսի զարգացման հարցում: Ուշադրության կենտրոնում են   լինելու ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, այլեւ տնտեսության բազմաթիվ ճյուղեր:

IBM-ը հայ ուսանողներին կառաջարկի նաեւ թրենինգներ, տեխնիկական գրականության գրադարան, վեբինարներ, մրցույթներ, բիզնես խաղեր: Տրամադրվող ռեսուրսներն անգլերեն լեզվով են, բայց ցանկացողների համար կա նաեւ սահմանափակ քանակությամբ ռուսերեն գրականություն: Ծրագրին կարող են մասնակցել անսահմանափակ թվով մասնակիցներ:

ԵՊՀ-ում շուտով բացվելու է Նորարական տեխնոլոգիաների լուծումների կենտրոնը, որը գործելու է IBM-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի օժանդակությամբ:

Նշենք, որ գործունեության 10 տարվա ընթացքում IBM ակադեմիական նախաձեռնությանն արդեն մասնակցել են 250-ից ավելի բուհեր, 750 դասախոսներ եւ 18 հազար ուսանողներ աշխարհի բազմաթիվ երկրներից: