14:01 | 15.11.13 | Նորություններ | 1487
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) իր այսօրվա նիստում արգելել է տասից ավելի ընկերությունների կողմից չարտոնագրված համակարգչային ծրագրերի վաճառքը եւ որոշել նյութերն ուղարկել ՀՀ ոստիկանություն:
«Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հանձնաժողով ներկայացրած դիմումի հետքերով Երեւանի 58 խանութներում իրականացվել է մոնիտորինգ: Հայտնաբերվել են «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրանքի հեղինակային իրավունքի բազմաթիվ խախտումներ, քանի որ խանութներում գնորդներին առաջարկվել են համակարգչային ծրագրերի չարտոնագրված տարբերակներ:
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է այն խանութների ցանկը, որոնք սպառողին ծրագրային չարտոնագրված տարբերակներ են առաջարկում: Դրանք են «IT Master», «NIX Computers», «LED Computers», «AG Electronics», «ONLINE PLUS», «HARD POWER SYSTEMS», «FULLOPSYS», «IT Plasa», «Compass», «LANZA», «SP techComputers», «SMART SHOP», «FREEGATE» եւ «Статура» խանութները:
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում. «Բոլոր գնորդները չէ, որ հասկանում են չարտոնագրված ծրագիր գնելու ռիսկերը: Այդպիսի ծրագրերը հակասում են թե սպառողների, եւ թե արտոնագրված արտադրանք մատուցող այլ ընկերությունների շահերին»: