16:34 | 25.10.13 | Նորություններ | 4165
Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է բազային 4 կայաններ Շաղափ, Լուսաշող (Արարատի մարզ), Մոզրով եւ Գնիշիկ (Վայոց Ձորի մարզ) գյուղերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախկինում էլ Մոզրով, Շաղափ եւ Լուսաշող գյուղերում ծածկույթ էր ապահովում հարակից տարածքում գտնվող բազային կայանների միջոցով:
Գյուղերին մոտ տարածքներում նոր կայանների տեղադրումը բնակիչներին արդեն թույլ է տալիս օգտվել 3G ծառայություններից: Չորրորդ՝ Գնիշիկ գյուղում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս պահին բջջային կապի միակ օպերատորն է, որն առաջարկում է բարձրորակ բջջային 3G ցանց, այդ թվում՝ գերարագ ինտերնետ:
Հայ-իրանական սահմանին գտնվող Նռնաձոր գյուղում (բարդ լանդշաֆտով լեռնային շրջանում) ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է բազային ժամանակակից 3 կայան՝ ձայնային եւ ինտերնետ հասանելիության կապ ապահովելով միջազգային տարանցիկ ուղի հանդիսացող հայ-իրանական սահմանին, գյուղին եւ դրա շրջակայքին (2G եւ 3G կայանները տեղադրվել էին համապատասխանաբար 2007 եւ 2010 թվականներին):
ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային կապի միակ օպերատորն է նաեւ Լոռու մարզի մի շարք գյուղերում: Մասնավորապես` հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզայում, Ծաղկաշատում՝ եւ Հալավարում: Բազային կայանների տեղադրումից բացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս, ինչպես նաեւ Մոզրովի եւ Նռնաձորի դպրոցներն ապահովել է «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» եւ «Home-Zone Turbo» 3G/Wi-Fi երթուղիչներով գործող բարձր արագության ինտերնետ տրամադրող սակագնային պլաններով:
Նմանատիպ ծրագիր է իրականացվել նաեւ Տաթեւ եւ Արտավան գյուղերում:
«Բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության չափանիշներով: Կայանների տեղադրումը եւ շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը փոքրաթիվ բնակչություն ունեցող հեռավոր, լեռնային եւ սահմանամերձ գյուղերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիր է, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական եւ ռազմավարական հարց է», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընթացիկ տարվա հունվարից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 156 նոր 3G (HSPA+) եւ երկրորդ սերնդի (2G) 47 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ, տեղադրվել է 203 նոր բազային կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայանները՝ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման եւ թողունակության ավելացման կտրվածքով:
Ցանցի արդիականացման, վերազինման եւ ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ տեղադրել 119 նոր բազային կայան: