09:23 | 17.10.13 | Նորություններ | 978

Ե. Կասպերսկին Պոլիտեխնիկի հետ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում

Հոկտեմբերի 14-19-ը անցկացվող Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի 80-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել են ««Կասպերսկու լաբորատորիա» ընկերության շաբաթ» միջոցառումների շարքը:

Հայաստանում է գտնվում «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին` իր թիմով:

Հոկտեմբերի 16-ին Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Նա նշել է, որ թեեւ Եվգենի Կասպերսկին առաջին անգամ է այցելում ճարտարագիտական համալսարան, այդուհանդերձ Պոլիտեխնիկի եւ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության համագործակցության հիմքերը դրվել են մի քանի տարի առաջ եւ հաջողությամբ շարունակվում են մինչ այսօր:

Դրա ապացույցն են ՀՊՃՀ Համակարգչային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի ուսանողների եւ ասպիրանտների ցուցաբերած փայլուն արդյունքները ընկերության կողմից կազմակերպվող ուսանողական օլիմպիադաներում եւ գիտաժողովներում, ինչպես նաեւ ս.թ. փետրվարին ընկերության նախաձեռնությամբ «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ» փուլի անցկացումը ՀՊՃՀ-ում:

Եվգենի Կասպերսկին նշել է, որ ընկերությունը հուսալի գործընկեր ունի տարածաշրջանում` ի դեմս ճարտարագիտական համալսարանի: «Մենք Պոլիտեխնիկի հետ բազմակողմանի համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ այստեղ է կուտակված այն ներուժը, որը կարող է եւ ունակ է լուծել երկրի տեղեկատվական անվտանգության հարցերը» ,- ասել է նա:

Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստի ժամանակ: