17:30 | 04.10.13 | Նորություններ | 2650

Հայաստանում ՏՏ ոլորտը թեւակոխում է զարգացման նոր փուլ, ասել է վարչապետը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք 2013» 6-րդ ամենամյա համաժողովը:

«Մասնավոր հատվածի առաջնային հարցադրումը կրթական համակարգի շարունակական բարելավումն է եւ բարձրորակ մասնագետներով ՏՏ ոլորտի ապահովումը: Հաշվի առնելով, որ ոլորտում տարեկան աճը 15-20 տոկոս է, եւ այս պահին ունենք 7 000 մասնագետ` 300 ձեռնարկությունում, հասկանալի է, որ միջնաժամկետ թիրախը լինելու է տարեկան 2000 որակյալ մասնագետի պատրաստում», - նշել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը թեւակոխում է ՏՏ ոլորտի զարգացման նոր փուլ, եւ անհրաժեշտ է հստակ ձեւակերպել հետագա անելիքները` 10 տարում ձեռք բերված հաջողությունը պահպանելու եւ ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար:

«Չափազանց կարեւոր է, որ ՏՏ ոլորտում Հայաստանը գտնի իր նիշը. ի՞նչ նեղ մասնագիտացում կարող ենք ունենալ, որպեսզի համաշխարհային համադրումների մեջ կարողանանք ցույց տալ մեր հարաբերական առավելությունը: Այսօր մեր երկիրն ապահովում է միկրոսխեմաների մշակման եւ դիզայնի ոլորտում համաշխարհային արտադրության 5 տոկոսը, ինչը մեզ համար մեծ տեսակարար կշիռ է եւ մասնագիտացում, որտեղ ունենք հարաբերական առավելություն: Աշխարհի բոլոր հայտնի ընկերությունները, որոնք մասնագիտացած են դիզայնի բնագավառում, ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանը», - ասել է Տիգրան Սարգսյանը:

«Կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որ բոլոր սուբյեկտները ներկայացված լինեն ՀՀ-ում` համալսարաններ, որոնք բարձրորակ կադրեր են ապահովում, հետազոտական կենտրոններ, որոնք կարող են լինել համալսարաններին կից կամ առանձին, վենչուրային հիմնադրամներ եւ կառավարիչներ», - նշել է վարչապետը եւ տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին շուրջ $ 3 մլն է հատկացրել ՀՀ-ում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման նպատակով:

«ԱրմԹեք 2013» համաժողովին մասնակցում է Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միջին Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ այլ տարածաշրջանների պետական մարմինների, գիտական եւ կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի, ինչպես նաեւ խոշորագույն անդրազգային կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչ: