14:17 | 13.09.13 | Նորություններ | 3008

Ամփոփվել են DigiCamp ամառային ճամբարի արդյունքները

«ԱրմենՏել»-ը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այսօր ամփոփել է DigiCamp ամառային ճամբարի արդյունքները:

Ճամբարի գլխավոր գործընկերը «ԱրմենՏել»-ն է:

Օգոստոսի 1-10-ը Ծաղկաձորում կայացած DigiCamp ճամբարը համախմբել էր ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին: Ճամբարի 26 մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես է եկել ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափարով, որոնցից ընտրվել են 5-ը: 10 օր թիմերը` մասնագետների աջակցությամբ, զարգացրել են այդ գաղափարները եւ ներկայացրել իրականացման պատրաստ բիզնես-նախագծեր:

««ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է օգնել եւ խրախուսել այն երիտասարդներին, ովքեր սեփական ուժերով կարող են հաջողությունների հասնել: Որպես բիզնեսի ներկայացուցիչներ` մեզ համար հետաքրքիր է Ձեր հայացքն այս ոլորտի վերաբերյալ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` չբացառելով, որ մասնակիցների շարքում կան ապագա Բիլ Գեյթսեր եւ Սթիվ Ջոբսեր:

«Ճամբարի 10 օրերի ընթացքում մասնակիցները դասընթացներ լսեցին լավագույն մասնագետների մատուցմամբ, ձեռք բերեցին գիտելիքներ եւ թիմում աշխատելու հմտություններ»,-ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություններ միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ճամբարի ավարտին տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների տնօրեններից բաղկացած ժյուրին ընտրել է  լավագույն նախագիծը` «Drive Me Net»: