Lionsharp-ի համահիմնադիր եւ տեխնիկական լուծումների ինժեներ Գեւորգ Հովսեփյանը
10:41 | 09.07.13 | Հոդվածներ | exclusive 4790
Այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է «Երեւակայության գավաթ» (Imagine Cup) Microsoft-ի կողմից անցկացվող մրցույթի համաշխարհային եզրափակիչը: Հայաստանը այս հեղինակավոր մրցույթին ներկայացնում է Lionsharp Solutions թիմը իր մտքերի վիզուալիզացման Voiceboard գործիքով, որի մասին մենք արդեն պատմել ենք:
Մեր ուշադրությունը երիտասարդների այս թիմի նկատմամբ պայմանավորված է ոչ միայն մրցույթով, այլ նաեւ այն կարեւոր հանգամանքով, որ սա առաջին նախադեպն է, երբ հայկական սթարթափը հայտնվում է օտարերկրյա վենչուրային ներդրողների ուշադրության կենտրոնում:
Այն մասին, թե ինչպես, ապրելով Հայաստանում, կարելի է իրագործել ամենահամարձակ գաղափարները, Imagine Cup-ի նախօրեին Itel.am-ին պատմել է Lionsharp-ի համահիմնադիր եւ տեխնիկական լուծումների ինժեներ, ԵՊՀ շրջանավարտ Գեւորգ Հովսեփյանը:
- Voiceboard-ի գրանցած հաջողությամբ դուք ակամայից հայ երիտասարդների համար դարձել եք նախադեպ, որ Հայաստանում կարելի է հանդես գալ հետաքրքիր գաղափարով, ներգրավել անհրաժեշտ ֆինանսավորում` այն իրագործելու համար եւ դուրս գալ միջազգային շուկա: Մեր երիտասարդներից շատերին հաճախ «կոտրում» է այս հավատի բացակայությունը: Ի՞նչ եք կարծում, այս հոռետեսությունն ունի՞ հիմքեր, թե ոչ:
- Որոշակի առումով` այո: Մեր ուսանողները տարածքի մեջ սահմանափակ են, լավ չեն պատկերացնում, թե միջազգային ասպարեզում ինչ նորարարություններ են տեղի ունենում եւ տեխնիկան որ ուղղությամբ է զարգանում: Մեր համալսարանները չեն տրամադրում տեղեկատվություն այն մասին, թե ինչ տեխնոլոգիա է կիրառում աշխարհն այս պահին, ինչ բիզնես հնարավորություններ կան այս կամ այն ոլորտում:
Ինֆորմացիայի պակասը պետք է լրացնեն համալսարանները: Միջազգային համալսարանները նայում են հաճախ ոչ միայն քո կատարած աշխատանքի բովանդակությանը, այլ նաեւ նրա պրակտիկ կիրառման ուղիներին:
Կա նաեւ ուսանողների շփման բաց: Մեր ուսանողները պետք է շփվեն արտասահմանում նույն ֆակուլտետներում սովորողների հետ` հասկանալու համար, թե ինչո՞վ են նրանք զբաղվում, ինչ նորարարությունների վրա են աշխատում: Շատ դեպքեր են լինում, երբ Հայաստանում ուսանողներն աշխատում են մի պրոեկտի վրա, որն արտասահմանում արդեն մի քանի տարի օգտագործվում է:
Հայաստանում նաեւ դեռ «կաղում են» բիզնես-աքսելերատորները` վենչուրային ֆոնդերը, որոնք պետք է օգնեն մարդկանց կյանքի կոչել իրենց մտքերը: Մեր ասպարեզում, արդյունք ստանալու համար, պետք է նախնական բյուջե, քանի որ կատարվում են հետազոտական եւ փորձարարական աշխատանքներ:
Երբ ուսանող էի, հաճախ էի բախվում այս խնդրի հետ. ունեինք լավ մտքեր, բայց չգիտեինք, թե ո՞ւմ դիմել, որպեսզի ֆինանսավորում ստանալ եւ սկսել իրագործել միտքը:
Շատ ողջունելի է, որ Microsoft ինովացիոն կենտրոնը Հայաստանում փորձում է լրացնել այս բացը: Համալսարանները պետք է ակտիվ համագործակցեն Microsoft Ինովացիոն կենտրոնի պես կառույցների հետ:
Մոբայլ լուծումների mLab տարածաշրջանային լաբորատորիան եւս լավ հնարավորություն է առաջարկում, բայց նմանատիպ կառույցները պետք է հնարավորինս շատ լինեն, քանի որ եթե նայենք Հայաստանում առկա ներուժին, այն ահռելի է: Միայն իմ շրջապատում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն շատ հետաքրքիր գաղափարներ, որոնք կարող են դառնալ կենսունակ բիզնես:
- Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այդ բացը:
- Ս.թ. հունվարին մենք Microsoft Ինովացիոն կենտրոնում Eleven բուլղարական վենչուրային հիմնադրամի ներկայացուցչի հետ կազմակերպված հանդիպմանը ուղղակի ցույց տվեցինք գաղափարը` իրականացված PowerPoint-ով: Ներկայացնելով գաղափարը, ասացինք, որ մեկ ամսվա ընթացքում այն հնարավոր է տեխնիկապես իրագործել: Հաջորդ ամիս Eleven-ին ներկայացրեցինք ծրագիր, որը կարող էր կառավարել բառերը: Ասացինք, որ եթե ստանանք անհրաժեշտ ֆինանսավորում, կկարողանանք 2 ամիս անց նաեւ կառավարել վիդեոներ ու նկարներ: Մեզ հավատացին եւ հատկացրին ներդրումը: Հիմա արդեն մենք տալիս ենք ծրագիր, որը կառավարում է բառեր, նախադասություններ, նկարներ, վիդեոներ: Պետք է ամենասկզբից հասկանալ, թե որտե՞ղ եք գնում, որպեսզի ներդրողը վստահի ձեզ:
Մեզ օգնել է նաեւ այն փաստը, որ մեր թիմում կա իտալացի եւ անգլիացի: Նայջելի եւ Ալեսանդրոի շնորհիվ մեր թիմը դառնում է ավելի գլոբալ: Վերջերս Նայջելը ներկայացրեց մեր պրոդուկտը գովազդային գործակալություններին եւ ներդրողներին Անգլիայում:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ, բայց չգիտեն, ինչպես դրանք իրագործել:
- Սկզբից խորհուրդ կտայի հասկանալ, արդյո՞ք այս գաղափարը պահանջարկ կունենա աշխարհում կամ թեկուզ լոկալ շուկայում: Կարելի է ուղղակի հարցնել ընկերներին եւ ծանոթներին, արդյո՞ք իրենք պատրաստ են վճարել նման պրոդուկտի համար:
Հերթական քայլը ֆինանսավորման փնտրումն է: Պետք է հնարավորինս հստակ ներկայացնել գաղափարը, ասել, թե որքան գումար է անհրաժեշտ ու բացատրել, թե ինչ ուղղություններով են ծախսվելու ներդրումները:
Ցանկալի է հնարավորինս շուտ պատկերացնել, թե որն է լինելու ձեր նախաձեռնության ելքը. տեխնոլոգիա, որը վաճառվելու է որեւէ խոշոր ընկերությանը, նոր սթարթափ, թե այլ բան:
- Ուսանողների միջեւ տեղեկատվական բացը շատերի մոտ հուսահատություն է առաջացնում, թե ինչ էլ մենք փորձենք, այլ տեղեր արդեն արել են: Կա՞ արդյոք մասնագիտական կարողությունների լուրջ տարբերություն մեր եւ եվրոպացի ծրագրավորողների եւ ինժեներների միջեւ:
- Մենք այսօր աշխատում ենք Eleven-ի կողմից 400 թիմերից ընտրված լավագույն 13-ի հետ, ու եթե համեմատենք մեզ եվրոպացի երիտասարդ ծրագրավորողների ու ինժեներների հետ, պետք է ասեմ, որ ոչ միայն չենք զիջում, այլ նաեւ շահում ենք մեր աշխատասիրությամբ: Ես շփվել եմ տեղի եւ եվրոպացի երիտասարդ մասնագետների հետ եւ կարող եմ պնդել, որ մենք մրցունակ ենք, առանց անգամ մեկ վայրկյան կասկածելու:
- Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակված է գերակա ճյուղ, բայց մինչ օրս ճյուղի զարգացման ուղղությամբ քայլերը հիմնականում արվել են մասնավոր հատվածի նախաձեռնությամբ եւ միջոցներով: Դուք այս ընթացքում արժանացե՞լ եք ուշադրության պետության կողմից:
- Թվում է` կրթության ու գիտության նախարարությունում անգամ չեն էլ լսել մեր մասին, ինչը զարմանալի է եւ ցավալի: Երիտասարդ մասնագետներն ավելի քան որեւիցե մեկը զգում իրենց երկրի աջակցության կարիքը:
Երբ ես աշխատում էի ԹՈՒՄՈ-ում, մեզ մոտ գալիս էին հայազգի մասնագետներ Google-ից, Microsoft-ից, որոնք սովորել են Հայաստանում այնուհետեւ տեղափոխվել են արտասահմանյան բուհեր եւ այսօր աշխատում են աշխարհահռչակ ընկերություններում: Այս կադրերը կամ լուծվում են օտարերկրյա շուկաներում, կամ մնում են այստեղ ու ենթարկվում դեգրադացման: Դա գալիս է նրանից, որ մենք այս պահի դրությամբ համընթած չենք շարժվում աշխարհին:
Բուլղարիան այսօր եվրոպական զարգացող երկրների թվում է, բայց այնտեղ կառավարությունը ահռելի աշխատանք է կատարում ՏՀՏ-ոլորտը խթանելու համար: Պատահական չէ, որ այնտեղ այսօրվա դրությամբ կա շուրջ երկու տասնյակ վենչուրային ֆոնդ:
- Ի՞նչ մոտակա ու երկարաժամկետ պլաններ ունեք` կապված եւ Voiceboard-ի, եւ ձեր հետագա անելիքների հետ:
- Մինչեւ տարեվերջ պետք է ուենանք Voiceboard-ի վերջնական տարբերակը: Նոյեմբերին նախատեսում ենք ներկայացնել այն Գերմայիայում կայանալիք TechCrunch միջոցառմանը, որտեղ սթարթափներն ամբողջ աշխարհից ցուցադրում են իրենց ռելիզները:
Իսկ ինչ վերաբերում է ապագային` շատ մեծ հույսեր ունենք, որ կկարողանանք աշխատել հայ երիտասարդների հետ եւ օժանդակել իրենց, որպեսզի իրենց գաղափարները դուրս գան միջազգային ասպարեզ: Մենք, փաստացի, բացել ենք այս ոլորտում Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ դարպասը, ունենք ելք դեպի իրենց սթարթափային միջավայր եւ ուզում ենք անել այնպես, որ բոլոր ցանկացողները Հայաստանում եւս կարողանան դուրս գալ միջազգային շուկա:
Գեւորգ Հովսեփյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: