11:07 | 25.06.13 | Նորություններ | 1079

GFI Software-ը նախատեսում է կրկնապատկել իր հայաստանյան մասնաճյուղի աշխատողների թիվը

Հայաստանի կառավարության եւ հակավիրուսային պաշտպանության եւ ամպային տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած GFI Software ընկերության միջեւ հունիսի 24-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

GFI Software-ի գլխավոր տնօրեն տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության 2011 թվականից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ եւ նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն կրկնապատկել:

Ընկերությունը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռնում ցանցային ադմինիստրատորներին լուծել ցանցի անվտանգության եւ բովանդակության, ինչպես նաեւ հաղորդագրությունների փոխանցման հետ կապված խնդիրները:
 
Ընկերության նպատակն է առաջարկել տեխնոլոգիական լուծումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսին` ՏՏ միջավայրի արդյունավետ մոնիթորինգը, կառավարումն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:

GFI Software-ը հիմնվել է 1992թ. Մալթայում եւ այնտեղից բացի ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ավստրալիայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ռումինիայում, Հայաստանում եւ Կիպրոսում: