14:46 | 13.06.13 | Նորություններ | 4773

Սյունիքի երկու գյուղեր առաջին անգամ բջջային կապ եւ ինտերնետ-ծածկույթ ունեցան

Այսօր Orange-ը հայտարարեց Սյունիքի մարզի երկու գյուղում՝ Գեղանուշում եւ Գոմարանում իր ծառայությունների մեկնարկի մասին, որտեղ մինչ այդ ընդհանրապես հասանելի չէին շարժական կապի տեխնոլոգիաները:

Գեղանուշն ու Գոմարանը, որոնք ունեն համապատասխանաբար 280 եւ 76 բնակիչներ, կունենան ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաեւ գերարագ ինտերնետ, հայտնել են ընկերությունում:

«Երջանիկ եմ լինել այստեղ եւ ազդարարել երկու կայանների աշխատանքի մեկնարկը: Կապի առկայությունը նվազեցնում է մայրաքաղաքում ու փոքր գյուղերում բնակվողների միջեւ տարբերությունները: Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը քաղաքներում, այլ նաեւ ստեղծում է այս հնարավորություններն այնպիսի գյուղերում, ինչպիսիք են Գեղանուշը ու Գոմարանը, որոնք որեւէ այլ օպերատորի կողմից կապ չեն ստանում», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում Orange-ը կառուցել է մինչեւ 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց:

Ընկերությունում նշել եմ, որ այն կշարունակի ընդլայնել իր ծառայությունների մատուցումը գյուղական համայնքներում՝ ներառելով բնակավայրեր, որոնք չեն գտնվում ոչ մի օպերատորի ծածկույթում` Սյունիքի մարզի Դիցմայրի, Բնունիս եւ Լոռու մարզի Անտառամուտ ու Կաճաճկուտ գյուղերը, որտեղ ծածկույթ կապահովվի մինչեւ 2014թ. սկիզբը: