16:01 | 03.05.13 | Նորություններ | 1092

Microsoft-ը մտադիր է Հայաստանում R&D կենտրոն բացել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանում ստեղծված «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աշխատանքները եւ քննարկել են վերջինիս կողմից գործունեության ընդլայնման, ՀՀ-ում «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոնի հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր:
 
Տակույա Հիրանոն պատրաստակամություն է հայտնել երկկողմ  համագործակցության շնորհիվ ընդլայնել փոխգործակցության մակարդակը եւ նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին:

Տեղեկացվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ հուշագրի ստորագրման նախագիծը՝ նոր կրթական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: