10:39 | 26.04.13 | Նորություններ | 966

Google-ը «ավելի արդար» որոնման արդյունքներ կցուցադրի

Google-ը համաձայնել է փոփոխել իր որոնման արդյունքները՝ դրանցում իր սեփական ծառայությունները գովազդելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հետաքննության լույսի ներքո:

Ընկերությունը խոստացել է, որ այսուհետ ավելի արդարացիորեն կտեղադրի որոնման արդյունքներում YouTube-ի, Google Maps-ի եւ իր այլ վեբկայքերի էջերը:

Google-ը խոստացել է նաեւ ցուցադրել իր մրցակից ընկերությունների էջերի հղումները իր սեփական ծառայությունների հղումների անմիջական հարեւանությամբ:

Եվրոպական կարգավորողները կստուգեն Google-ի զիջումների հավաստիությունը մեկ ամսվա ընթացքում: Եթե այդ զիջումները հաստատվեն, ապա դրանք կամրագրվեն օրենսդրորեն մոտակա 5 տարվա համար:

Համաձայնության շրջանակներում Google-ը հստակ կտարանջատի գովազդվող հղումները որոնման այլ արդյունքներից, ինչպես նաեւ կտեղադրի հղումներ դեպի երեք այլ մրցակից որոնողական համակարգեր:

Ուշագրավ է, որ ավելի վաղ ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովը եւս ուսումնասիրել էր Google-ի որոնման արդյունքները եւ մրցակցային կանոնների խախտում չէր հայտնաբերել:

Բացատրելով, թե ինչու է ԵՄ-ն այլ կարծիքի, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ում Bing-ը եւ Yahoo-ն իրական այլընտրանք են Google-ին, զբաղեցնելով շուկայի շուրջ 30%-ը, ապա ԵՄ-ում Google-ի շուկայական մասնաբաժինը ավելի քան 90% է: