17:40 | 21.03.13 | Նորություններ | 1854

ԱրմենՏելը աջակցում է երաժշտական դպրոցների աշակերտների համար վարպետության դասերին

ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) շարունակում է համագործակցել Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից ստեղծված «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ եւ հայտարարում Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների աշակերտների համար վարպետության դասերի եւ նոր համերգաշրջանի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում եռյակի երաժիշտներն անց են կացրել վարպետության դասեր Արամ Խաչատրյանի անվան Չարենցավանի երաժշտական դպրոցի սաների համար: Մեծ հայ երաժշտի 110-ամյակի առիթով կայացան նաեւ վարպետության դասեր Մակար Եկմալյանի անվան Էջմիածնի երաժշտական դպրոցում, հայտնել են ընկերությունում:

Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից հնչեցին մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները` Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի եւ նվագախմբի համար, Կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար, Կոնցերտ ջութակի եւ նվագախմբի համար: Մեկ տարվա ընթացքում նույն ծարագրով սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ երաժիշտները հանդես կգան Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Լիտվայի տարբեր քաղաքներում:  

«Դժվար է գնահատել Արամ Խաչատրյանի ներդրումը հայկական մշակույթի մեջ: Մեր ընկերությունը բավականին երկար ժամանակ եւ հետեւողականորեն աջակցում է մշակութային ծրագրերին` հոգալով աճող սերնդի վառ ապագայի մասին: Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող շրջանցել մեծանուն երաժշտի հոբելյանը: Վարպետության դասը եւ համերգը այն  մշակութային միջոցառումների սկիզբն են, որոնք այս տարի կիրականացվեն «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ՀՀ սահմաններից դուրս»,- նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը: