17:06 | 21.02.13 | Նորություններ | 3289

Հայտնի են Orange Գրքի մրցանակակիրները

Փետրվարի 20-ին երեկոյան տեղի է ունեցել «Orange Գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները եւ հայտարարվեցին  հաղթողների անունները: 

Վեպ. «Մաշկացավ», Հովհաննես Թեքգյոզյան
Պատվածք. «Համոյի սիրած ծաղիկը », Նարե Սահակյան
Հեքիաթ. «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ», Երազիկ Գրիգորյան
Բանաստեղծական շարք. «Մոգ արքաներ», Շուշանիկ Թամրազյան

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կտպագրվի 500 տպաքանակով, իսկ հաղթող ստեղծագործությունների հեղինակները ստանում են նաեւ դրամական պարգեւ` 500 000 դրամ:

«Այն մեծ խանդավառությունը, որ առաջացրեց Orange Գրքի մրցույթն այս տարի, մեզ ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. ժամանակակից գրականությունը Հայաստանում իսկապես պոտենցիալ ունի: Այս մրցույթը կոչված է ժամանակակից հայ գրողների՝ սկսնակ կամ անվանի, աջակցել հանրությանը ներկայացնել իրենց անտիպ ստեղծագործությունները, որոնցից լավագույնները գիրք կդառնան», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :
 
Orange Գրքի մրցանակ 2013 անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում ժյուրիի անդամներն ընտրել են առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք հրապարակվել են Orange-ի պաշտոնական էջում եւ հանձնվել ընթերցողների լայն շրջանակների դատին: Բոլոր ընթերցողները մեկ ամիս շարունակ՝ հունվարի 15-ից փետրվարի 15-ը, հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: Փետրվարի 15-ի կեսօրին առցանց քվեարկությունն ավարտվեց ու գրանցվեցին վերջնական արդյունքները: Ըստ այդմ, բոլոր ստեղծագործությունները միասին հավաքել են 7580 քվե, իսկ ամենաշատ քվե հավաքած եռյակում են հայտնվել Երազիկ Գրիգորյանի «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ», Էլֆիք Զոհրաբյանի «Նարցիսը» եւ Կարեն Անտաշյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունները: Առցանց քվեարկության արդյունքներով է որոշվել «Ժողովրդական ընտրություն» մրցանակի  արժանացած ստեղծագործությունը, որը «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթն է 2253 քվեով:

Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործություններն ընտրվել են ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվել են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: 

Orange Գրքի մրցանակ 2012-ի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, որոնցից 155-ը` պատմվածքի ժանրում, 236-ը` պոեզիայի, 39-ը` վեպ/վիպակի, իսկ 40-ը` հեքիաթի ժանրում: Մրցույթն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Նախորդ տարի մրցույթին մասնակցում էր 130 ստեղծագործություն: