13:15 | 14.02.13 | Նորություններ | 1005
Google-ը հայց է ներկայացրել ՌԴ դատարան՝ բողոքարկելով այդ երկրի որոշումը Google-ին պատկանող YouTube-ում տեղադրված տեսանյութի պատճառով կայքը պաշտոնական սեւ ցուցակում ընդգրկելը:
Տեսանյութում, որը, ի դեպ, տեղադրվել էր ռուսաստանցի օգտատիրոջ կողմից 2012-ի սկզբին, մի կին դանակով կտրում է իր դաստակը: ՌԴ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային լրատվության վերահսկողության դաշնային ծառայությունն (Роскомнадзор) այն որակել է որպես «ինքնասպանության ուղեցույց»:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին ընդունված օրենսդրական փոփոխությամբ Ռուսաստանի կառավարությունը, երեխաների պաշտպանության նպատակով, կարող է արգելափակել կայքեր, գրում է BBC-ն:
Եթե Google-ը չհեռացներ այդ տեսանյութը, ռուսաստանյան ինտերնետ-պրովայդերները կարգելափակեին Youtube-ն ամբողջությամբ:
Ըստ Google-ի, այս դատավարությամբ կորպորացիան փորձում է իր համար հստակեցնել տեսանյութերի՝ սեւ ցուցակում հայտնվելու կանոնները, որպեսզի կարողանա նախապես անհասանելի դարձնել դրանք Ռուսաստանում:
Այլ երկրներում, այդ թվում Հայաստանում, այդ տեսանյութը հասանելի է:
Ռուսաստանում կայքերի պաշտոնական «սեւ ցուցակի» ստեղծումը տարաձայնությունների է բերել հասարակության շրջանում: Մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ առանց դատական եզրակացության վեբկայքերի արգելափակումը կուժեղացնի գրաքննությունը: