16:00 | 16.01.13 | Նորություններ | 3410
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «BirthLink» ՀԿ-ն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին տրամադրել են վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկ, պուլսօքսիմետր, թթվածնային շարժական բալոն, առաջին բուժօգնության պայուսակ, տաքացվող ներքնակ, վակումային կլանիչ եւ նեոնատալ խնամքի այլ սարքավորումներ:
Դրանք մասնագետներին թույլ են տալիս ցուցաբերել համակարգված ամբողջական օգնություն, հայտնել են ընկերությունում, հավելելով, որ սարքավորումներն արդեն օգնել են փրկել 2 նորածինների կյանքը:
«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարեւոր է բարձրակարգ մասնագետի առկայությունը: Հմտություններն ու գիտելիքն արդյունավետ դրսեւորելու բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն կապված է նրան տրված հնարավորությունից: Բարձրակարգ բուժսարքավորումը երաշխավորում է գործադրված ջանքերի արդյունավետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւս ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: