12:55 | 10.01.13 | Նորություններ | 713

Զեկույց. Ինտերնետ-գովազդի ծավալները 2012-ին գերազանցել են $ 100 մլրդ-ը

2012-ին աշխարհում ցանցային գովազդին ուղղված ծախսերն առաջին անգամ գերազանցել են $100 մլրդ-ը, ասվում է eMarketer-ի զեկույցում, որում 2013-ի համար կանխատեսվում է ինտերնետ-գովազդի շուկայի 15,1% աճ:

2012-ին համաշխարհային ինտերնետ-գովազդի շուկան աճել է 17,8%-ով: Աճի դանդաղեցումը պայմանավորված է ոլորտի հասունացմամբ. որքան այն խոշորանում է, այնքան դանդաղում է աճը, գրում է Mashable.com-ը:

Ըստ eMarketer-ի ինտերնետ-գովազդի տեսակարար կշիռը համաշխարհային գովազդային շուկայում կազմել է 2012-ին մոտ 20%, իսկ 2013-ին այս ցուցանիշն ակնկալվում է 21,7%-ի սահմաններում: Ոլորտի երկնիշ աճը կշարունակվի մինչեւ 2016թ:

Ինտերնետ-գովազդի ամենադինամիկ աճը, ըստ զեկույցի, նկատվում է զարգացող շուկաներում. մասնավորապես, Միջին Արեւելքում եւ Աֆրիկայում ինտերնետ-գովազդի վրա ուղղվող ծախսերն աճել են 2012-ին 55,8%-ով, Արեւելյան Եվրոպայում՝ 38,4%-ով, իսկ Հյուսիսային Ամերիկայում եւ Արեւմտյան Եվրոպայում՝ համապատասխանաբար, 21,5%-ով եւ 13,9%-ով: IAB-ի տվյալներով, միայն ԱՄՆ-ում 2011-ին ինտերնետ-գովազդին ուղղվել է $31 մլրդ: