02:27 | 26.11.12 | Նորություններ | 958
Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունները Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 5-րդ ամենամյա մրցանակաբաշխությունից (GITI-2012) վերադարձել են 7 մրցանակով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, պետական եւ մասնավոր հատվածներում անցկացվող մրցանակաբաշխությունում հայկական կազմակերպությունները մրցանակներ են շահել հետեւյալ անվանակարգերում՝ «Տարվա լավագույն ինտեգրատոր», «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ», «Լավագույն համալիր գործարար լուծում», «Լավագույն B2B լուծում», «Լավագույն ՏՏ կրթություն», «Գործարար գործընթացները խթանող ամենահաջող ՏՏ նորարարական լուծում» եւ «Լավագույն տեղեկատվական ռեսուրս»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) փոխտնօրեն Վահան Հովսեփյանը նշել է, որ GITI-2012-ում հայկական կողմի շահած մրցանակների թիվը աննախադեպ է:
«Տարեցտարի մենք ավելացնում ենք մեր հաջողությունները ՏՏ ոլորտում: Ցանկանում եմ նշել, որ բիզնես հատվածում հայկական կողմն ուներ բացարձակ առավելություն: Ուրախալի է, որ յուրաքանչյուր տարի նկատում ենք նաեւ պետական մասնակցության ակտիվություն» ,- ասել է Վահան Հովսեփյանը:
Նա ընդգծել է, որ GITI-2012-ում հայկական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը կարեւոր է նաեւ այն իմաստով, որ Վրաստանը «մեր առաջնային շուկան է»:
UITE փոխտնօրենի համոզմամբ, Հայաստանը ՏՏ ոլորտում իր ասելիքն ունի աշխարհին, եւ այդ պատճառով պետք է հաճախ եւ լավ կազմակերպված մասնակցի միջազգային միջոցառումներին:
GITI-2012-ում հայկական պատվիրակության աջակիցը ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրն (EDMC) է:
GITI-2012-ին հայկական պատվիրակությունը բաղկացած է եղել 21 կազմակերպությունների, պետական մարմինների եւ երիտասարդական նախաձեռնությունների 50 ներկայացուցչից:
Ընդհանուր առմամբ, GITI-2012-ին մասնակցել է 300 մասնակից Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ավստրիայից եւ Ուկրաինայից: