01:50 | 16.11.12 | Նորություններ | 3129

Հայկական IT-ընկերությունները Վրաստանում մասնակցում են GITI տարածաշրջանային ինովացիոն համաժողովին

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 21 կազմակերպությունների, պետական մարմինների և երիտասարդական նախաձեռնությունների մոտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատվիրակությունը ներկայումս մասնակցում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI):

Հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար,  ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ, հայտնել են
Հայկական պատվիրակության  մասնակցությունը միջոցառմանը կազմակերպող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում (ԻՏՁՄ):

«Համագործակցություն մրցունակության, ինովացիայի և կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել  և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի  երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը:

Միջոցառման կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:

Հայկական պատվիրակության մեջ ներառված են X-tech, Gallery Systems, IT Micronetworks, Instigate, Locator, Innovative Greenhouse, Bestsoft, Norma Plus, Armenian Datacom Company, Universal Systems ընկերությունները, ինչպես նաև Մայքրոսոֆտ Ինովացիոն Կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Տրանսպորտի և Կապի, Էկոնոմիկայի նախարարությունների, երիտասարդ տեխնոլոգիական թիմերի ներկայացուցիչներ: