07:06 | 29.10.12 | Նորություններ | 1654

Հայկական IT-ընկերությունները կմասնակցեն վրացական GITI-ին

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները կներկայացվեն ս.թ. նոյեմբերի 15-17 Թբիլիսիում կայանալիք 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI):

Միջոցառումը բաղկացած է լինելու կոնֆերանսից, ցուցահանդեսից եւ մրցանակաբաշխությունից: Նախատեսվում է, որ հայկական պատվիրակությունը կներառի մասնավոր հատվածի եւ պետական գործակալությունների մոտ 35 ներկայացուցիչներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 29-ը, հայտնել են հայաստանյան ընկերությունների  միջոցառմանը մասնակցության կազմակերպիչ եւ համակարգող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում (ԻՏՁՄ):

Միությունը նախատեսում է նաեւ մասնակից ընկերությունների համաֆինանասավորում: Միջոցառմանը կարող են մասնակցել եւ պատվիրակության մեջ ներգրավվել այն հայկական կազմակերպությունները, որոնք հայտ կներկայացնեն մրցանակաբաշխության որեւէ անվանակարգում, հանդես կգան գործարար ներկայացմամբ կոնֆերանսի թեմաներին համապատասխան, կներկայացնեն միջոցառմանը մասնակցելու հստակ ծրագիր, ինչպես նաեւ կպատրաստեն մարքեթինգային նյութեր` հայկական ՏՏ անկյունը պատշաճ ներկայացնելու համար:

Հայաստանը մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը 2008-ից:

Մինչ այժմ միջոցառմանը մասնակցած կազմակերպություններից են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Լայմ Տեխ», «Էսենշլ Սըլյուշնս», «Իքս-Թեք»,  «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Իդրամ», «Հայկական ծրագրեր», «Էկենգ» ընկերությունները, Պետական եկամուտների կոմիտեն եւ այլն:

Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար խորհուրդը եւ Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը: