07:49 | 23.10.12 | Նորություններ | 3091

ԱրմենՏել-ի բաժանորդները կարող են շփվել «ВКонтакте»-ում SMS-ների միջոցով

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) շարժական կապի բաժանորդները հնարավորության ունեն ստանալ հաղորդագրություններ եւ տեղադրել նոր գրառումներ «ВКонтакте» սոցիալական ցանցում SMS հաղորդագրությունների միջոցով:

«ВКонтакте» SMS ծանուցում» նոր ծառայությունը թույլ է տալիս Beeline հետվճարային եւ կանխավճարային համակարգի բաժանորդներին անվճար ստանալ անձնական  հաղորդագրություններ եւ նորությունների ծանուցում SMS հաղորդագրությունների միջոցով, հայտնել են ընկերությունում:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն  էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու պարբերականությունը եւ ժամերը:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվողին պատասխանել անձնական հաղորդագրություններին պատասխան SMS-ի միջոցով: Օգտատերը կարող է թարմացնել պատի գրառումը` ուղարկելով տեքստը 4310 համարին: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ արժեքով:

«Հաշվի առնելով Հայաստանում «ВКонтакте» սոցիալական ցանցից օգտվողների քանակի շարունակական աճը, ինչպես նաեւ Facebook եւ «Мой Мир» սոցիալական ցանցերում «SMS-ծանուցման» ծառայության նշանակալից հաջողությունը` ԱրմենՏել-ն առաջինը Հայաստանում ներկայացրեց նմանատիպ ծառայություն նաեւ «ВКонтакте» սոցիալական ցանցի սիրահարների համար: Վստահ ենք, որ այս պարզ եւ հարմարավետ ծառայության շնորհիվ, մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն ընկերության նախձեռնությունն ուղղված առավել ճանաչված  սոցիալական ցանցերում շփման տարբեր նորարարական եւ տեխնոլոգիական միջոցների ներդրմանը», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

ԱրմենՏելն առաջինը Հայաստանում 2012թ-ի գարնանը գործարկեց Facebook սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը եւ 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունը: 2011թ. դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվեց «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը: