00:36 | 19.10.12 | Նորություններ | 2202

Orange-ի «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-նախագծի շնորհիվ եւս երկու երեխաներ կվերադառնան ընտանիք

Երեւան/Մեդիամաքս/. Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարել են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի սեպտեմբեր ամսվա արդյունքների մասին:

Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:

Սեպտեմբեր ամսին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 299 600 ՀՀ դրամ: Ինչպես եւ նախորդ ամիսներին, Orange Հիմնադրամն այս գումարը կրկնապատկում է` Վորլդ Վիժն Հայաստանին փոխանցելով 599 200 ՀՀ դրամ:

Այս գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի Սյունիքի մարզում բնակվող մի ընտանիքի օգնելու համար: Ընտանիքը բաղկացած է երիտասարդ մորից եւ երկու երեխաներից: Մայրը` Շողիկը, բարդ սոցիալական պայմաններից դրդված՝ 13-ամյա դստերը եւ 14-ամյա որդուն ստիպված է եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Հանգանակված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել տնային պայմաններում հրուշակեղենի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչը թույլ կտա Շողիկին գումար վաստակել եւ երեխաներին ինքնուրույն մեծացնել տանը:

«Նախագծի մեկնարկից ի վեր ավելի քան 5800 բաժանորդ է նվիրատվություն կատարել, իսկ շատերը մի քանի անգամ են գումար նվիրաբերել: Շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնությանը մասնակցած մեր բոլոր բաժանորդներին: Orange Հիմնադրամը կրկնապատկել է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Կոչ ենք անում մեր բաժանորդներին կրկին նվիրաբերել 100 կամ 500 դրամ, քանի որ հոկտեմբեր ամսվա հանգանակության արդյունքում կրկին մեկ հայ երեխա կվերադառնա ընտանիք»,- ասել է Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Կարիքի մեջ գտնվող ընտանիքներին Orange-ի բաժանորդները կարող են օգնել` ուղարկելով SMS 1234 կարճ համարին եւ հանգանակելով 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: