09:28 | 09.10.12 | Նորություններ | 1308

    Զգուշացեք Skype-ով տարածվող վիրուսից

    Երեւան/Մեդիամաքս/. Skype ծառայության օգտվողները սկսել են ընկերներից հաղորդագրություններ ստանալ, որոնք պարունակում են հղում դեպի վարակված ֆայլերով վեբկայք:

    Հաղորդագրությունում օգտատիրոջը հարցնում են, արդյոք դա իր պրոֆիլի նոր նկարն է (это новый аватар вашего профиля?), եւ այդ հարցին հաջորդում է հղում, այնպես որ օգտագործողը մտածում է, որ, սեղմելով այն, կտեսնի իր պրոֆիլի «նոր» նկարը:

    Ընկերներից տարատեսակ հղումներ ստանալիս պետք է նախապես համոզվել, որ դրանք իրականում եկել են ընկերներից:

    ВирусБлокАда հակավիրուսային ծրագրեր մշակող ընկերությունն իր բլոգում խորհուրդ է տալիս ստուգել Skype-ի կարգավորումները՝ խուսափելու համար վիրուսի տարածումից (Настройки > Дополнительно > Расширенные настройки > Контроль доступа других программ к Skype – այստեղ չպետք է լինի որեւէ ծրագիր):

    Ընկերության վիրուսային վերլուծաբան Ալեքսեյ Գերասիմենկոն պատմում է, որ հղումն առաջարկում է բեռնել ZIP արխիվ, որը պարունակում է .exe ֆայլ-վիրուս՝ վաղուց հայտնի Worm.NgrBot կամ Dorkbot: Ակտիվանալուց հետո այն միացնում է համակարգիչը բոտնետին, որով սովոբաբար կատարվում են DDoS հարձակումներ կամ տարածվում է սփամ:

    ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ընկերության հիմնադիր տնօրեն, տեղեկատվական անվտանգության փորձագետ  Սամվել Գեւորգյանը Մեդիամաքս-ին տեղեկացրել է, որ Dr.Web ընկերությունն արդեն անդրադարձել է այս խնդրին եւ տվել դրա լուծումը, որը կարող են օգտագործել նաեւ հայաստանցի օգտատերերը: