01:35 | 28.09.12 | Նորություններ | 3808
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքներով «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ծառայությունների մատուցման ոլորտում:
Ժյուրին, գնահատելով ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը, «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» մրցույթի առաջին մրցանակը շնորհեց «ԱրմենՏել» ընկերությանը` «Ծառայություններ մատուցող ընկերություններ» դասում: Նույն դասում մրցանակակիրների եռյակում ընդգրկվել են նաեւ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն:
«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը մեծ նշանակություն է տալիս բնապահպանական հարցերին: Երկար տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, հավատալով, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է նաեւ ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ապահովմամբ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: