13:15 | 28.08.12 | Նորություններ | 2788
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարել եմ «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի երկրորդ փուլի` հուլիս ամսվա արդյունքների մասին:
Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները նվիրաբերում են 100, իսկ 5678 համարին` 500 դրամ:
Հուլիս ամսին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 343 700 դրամ: Ինչպես եւ հայտարարվել էր, Orange Հիմնադրամը նվիրաբերում է նույնքան գումար, որքան բաժանորդները բոլորը միասին, այսինքն` հուլիս ամսվա դրամահավաքի արդյունքում Orange Հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանին է տրամադրում 687,400 դրամ: Այս գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի` Սյունիքի մարզում բնակվող Ռոմիկի եւ Արմինեի ընտանիքին օգնելու համար: Վերջիններս ունեն 6 երեխա եւ կենցաղային ու սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաներից երկուսին՝ 14 եւ 12-ամյա աղջիկներին ստիպված են եղել հանձնել Կապանի գիշերօթիկ հաստատության հոգածությանը: Հավաքված գումարով, որին Վորլդ Վիժնը կավելացնի 650 000 դրամ, հնարավոր կլինի գնել խոտհնձիչ եւ հողամշակ մեքենա, ինչը հնարավորություն կտա ընտանիքի հորը վարձատրության դիմաց մշակել ուրիշների հողատարածքները: Հաշվի առնելով Սյունիքի համայնքներում գյուղմեխանիզացիայի տեխնիկայի սակավությունը` նման ծառայությունները պահանջված են: Ունենալով եկամտի աղբյուր` ծնողները կկարողանան երեխաներին մեծացնել ընտանիքում:
«Նախեւառաջ, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր այն բաժանորդներին, ովքեր ցանկություն հայտնեցին եւ իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս երեխաներին: Orange Հիմնադրամը կրկնապատկել է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Այս նախագծի ամենակարեւոր բաղկացուցիչներից է այն, որ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է քայլ կատարել` օգնելու երեխաների, որոնք ունեն ծնողներ, սակայն ստիպված են մեծանալ մանկատանը: Ծրագիրը շարունակական է լինելու, եւ այս ամիս մենք կրկին սպասում ենք հանգանակությունների, որոնք հնարավորություն կտան այլ երեխաների կյանքում բերել շոշափելի փոփոխություններ»,- ասել է Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
«Մենք շնորհակալ ենք Orange-ի բաժանորդներին տրամադրած յուրաքանչյուր դրամի համար: Այս անգամ հավաքված գումարը բավարար չէր գյուղատնտեսական մեքենա ձեռք բերելու համար, սակայն, հաշվի առնելով այս բազմազավակ ընտանիքի սոցիալական դժվար պայմանները ու երեխաներին ընտանիքում պահելու հեռանկարը, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը որոշեց ներդնել հավելյալ միջոցներ՝ մեքենան համատեղ գնելու նպատակով: Հավաքված գումարը մեծ աջակցություն է խիստ կարիքի մեջ գտնվող այս ընտանիքի համար, իսկ նրանց երկու աղջիկներին, որոնք խնամքի հաստատությունում են գտնվում, այսուհետ հնարավորություն կտա առավելագույնս վայելելու ծնողների խնամքն ու ներկայությունն իրենց կյանքում», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում Երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի համակարգող Լուսինե Սիմոնյանը: