10:06 | 28.06.12 | Նորություններ | 1786

ԱրմենՏել-ն աջակցում է «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» ծրագրին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հայտարարել են «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական եւ գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում կարտադրվեն եւ կտարածվեն կտորե պայուսակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը:

Ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում: Առաջին փուլում նախատեսվում է կարել 1300 -1500 պայուսակ, իսկ արտադրական գործընթացում զբաղված են լինելու կանայք, ովքեր ներկայումս գործազուրկ են:

«ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում ձգտում է աջակցել Հայաստանի մարզերում կրթական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծմանը` իրական օգնություն հասցնելով եւ մարդկանց, եւ շրջակա միջավայրին: Իրականացվող ծրագրի շրջանակում կլուծվեն ոչ միայն էկոլոգիական այլ նաեւ սոցիալական հարցեր, քանի որ այս ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստելու գյուղական համայնքում գործարարության զարգացմանն ու կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տարեսկզբին ԱրմենՏել-ն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ստորագրեցին  երկարատեւ համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում ընկերությունն աջակցելու է հիմնադրամի մի շարք ծրագրերին: