12:48 | 12.06.12 | Նորություններ | 1926

Orange-ը կօգնի բաժանորդներին «չաթով»

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը գործարկել է հաճախորդների սպասարկման նոր ծառայություն` Առցանց օգնություն, որը թույլ կտա ընկերության ծառայությունների և ապրանքների մասին հարցեր ունենալու կամ դժվարությունների հանդիպելու դեպքում «չաթի» միջոցով անմիջապես ստանալ անհրաժեշտ օգնություն մասնագետից:

Սպասարկման այս հնարավորությունը բաց է բոլորի համար՝ անկախ Orange-ի բաժանորդ լինելու հանգամանքից: Այն հասանելի է Օրանժ Արմենիայի պաշտոնական կայքի գլխավոր էջից` www.orangearmenia.am: Ծառայությունից օգտվելու համար Orange-ի բաժանորդները պետք է օգտագործեն «Իմ Orange էջը» ինքնասպասարկման ծառայության համար սահմանված գաղտնաբառը, իսկ նրանք, ովքեր ընկերության բաժանորդը չեն, պետք է գրանցվեն համակարգում, հայտնել են ընկերությունում:

«Առցանց օգնությունը ևս մեկ միջոց է մեր ընկերության համար` բարձրորակ սպասարկում ապահովելու մեր հաճախորդների համար այն ձևով, որը նրանք են նախընտրում: Վստահ ենք, սա մասնավորապես հարմար կլինի նրանց համար, ովքեր գտնվում են ռոմինգում, քանի որ այս դեպքում բաժանորդների սպասարկման կենտրոն կապվելը կլինի անվճար», նշել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: