15:13 | 06.06.12 | Նորություններ | exclusive 4524

MicroForester. Բնությունը փրկելու հայկական գաղափարը

Ի՞նչ եք պատկերացնում «միկրոաշխատանք» բառը լսելիս: Հավանաբար, կմտածեք, որ դա որոշակի փոքրածավալ աշխատանք է, որը կատարելու դիմաց կարելի է ստանալ փոքր վարձատրություն: Մտածելով այդպես, դուք միանգամայն ճիշտ եք: Իսկ ի՞նչը կարող է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց օգնել կատարել մեկ ընդհանուր առաջադրանքի փոքր մասնիկներ: Պատասխանն է` ինտերնետին միացած համակարգիչը կամ բջջային հեռախոսը:

Միկրոաշխատանքը, որն արդեն ընդունված տերմին է եւ չակերտներով գրվելու կարիք չունի, լայն տարածում է ստանում աշխարհում, հատկապես` ցածր եկամուտներով երկրներում, որոնց բնակիչները, բջջային հեռախոսի միջոցով որոշակի առաջադրանք կատարելով, կարող են վարձատրվել:

Այս տարի Nokia-ն եւ Համաշխարհային բանկի ԻնֆոԴեվ ծրագիրն անցկացրել են միկրոաշխատանքի համար գաղափարների միջազգային m2Work մրցույթ: Հայաստանում մրցույթը ներկայացնում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), որը մասնակցության հրավեր, ի թիվս մյուսների, ուղարկեց նաեւ 28-ամյա Ալեքսանդր Շաքարյանին: Վերջինս, իր իսկ հավաստմամբ,  «թուլություն ունի» մոբայլ տեխնոլոգիաների նկատմամբ, եւ նախկինում համագործակցել է ՁԻՀ-ում գործող մոբայլ լուծումների տարածաշրջանային mLab լաբորատորիայի հետ:

Մրցույթին ստացվել էր 939 գաղափար, որոնցից մեկը Ալեքսանդր Շաքարյանինն էր` MicroForester-ը նախագիծը, որը կոչված է ավելացնելու աշխարհում անտառածածկ տարածքները: Ալեքսանդրի գաղափարը մրցույթի արդյունքներով ճանաչվեց լավագույնը տարածաշրջանում (Արեւելյան Եվրոպա, Հարավային Կովկաս ու Միջին Ասիա) եւ երկրորդն աշխարհում:

\"\"
MicroForester-ի գաղափարը կոչված է աշխատատեղեր ստեղծելուն զուգահեռ ավելացնելու աշխարհում անտառածածկ տարածքները
դիզայնը՝ Էդգար Մկրտչյան


«Գաղափարը հետեւյալն է. աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ծառ են տնկում, որի` սմարթֆոնով արված լուսանկարը` սարքում ներդրված GPS լոկացիոն համակարգի միջոցով որոշված կոորդինատների հետ միասին, ուղարկվում են սերվերին, ինչի դիմաց տնկողը վարձատրվում է: Այնուհետեւ սերվերը վերլուծում է տվյալ տեղանքի եղանակային պայմանները, ինչի հիման վրա տնկողին հաղորդագրություն է ուղարկում, թե ինչ հաճախականությամբ է պետք ծառը ջրել: Ջրելիս այն կրկին կարելի է նկարել եւ դրա դիմաց եւս գումար ստանալ», - Մեդիամաքս-ին պատմել է Ալեքսանդր Շաքարյանը, ով իր գաղափարը մրցույթին ներկայացրել է հետեւյալ տեսահոլովակով.



MicroForester-ի շրջանակներում գործատուները, ըստ Ալեքսանդր Շաքարյանի, պետություններն են, շրջակա միջավայրի պաշտպանության հիմնադրամները, պատասխանատու մասնավոր հատվածի ընկերությունները, ինչպես նաեւ առանձին անհատներ, որոնք ցանկանում են գումար վճարել աշխարհի տարբեր անկյուններում ծառերի տնկման դիմաց:

Ալեքսանդրը մասնագիտությամբ ծրագրավորող չէ. 2008-ին նա ավարտել է Հայ-ռուսական համալսարանի Տուրիզմի եւ սերվիսի ֆակուլտետը, որտեղ ուսման տարիներին ու հետո անընդհատ հետաքրքրվել է տեխնոլոգիաների միջոցով մարդկանց տարատեսակ ծառայությունների մատուցմամբ: «Նույնիսկ «Վարպետն ու Մարգարիտան» վեպը կարդացել եմ բջջային հեռախոսիս փոքր էկրանից, իսկ երբ հայտնվեցին սմարթֆոնները իմ ծրագրավորող ընկերները սկսեցին զբաղվել սմարթֆոնների համար հավելվածներ գրելով, սկսեցի հետաքրքրվել դրանց առաջխաղացման հարցերով», - պատմում է Ալեքսանդրը:

\"\"
MicroForester հավելվածի առաջարկվող ինտերֆեյսը
դիզայնը՝ Հայկ Ֆալակյան
 

M2Work մրցույթի արդյունքներով տարածաշրջանում առաջին եւ աշխարհում երկրորդ տեղերի համար համապատասխանաբար $2000-ի  եւ $4000-ի մրցանակ ստանալուց բացի, Ալեքսանդրը կստանա նաեւ կազմակերպիչների եւ mLab-ի աջակցությունը` MicroForester ծրագիրը կյանքի կոչվելու հարցում: «Հիմա Հայաստանում ուսումնասիրություն եմ իրականացնում, թե որտեղ կարելի է փորձնական ծրագիր իրականացնել, որպեսզի ստեղծել մոդել` այնուհետեւ ամբողջ աշխարհում այն կիրառելու համար», - ասում է գաղափարի հեղինակը:

Ռուբեն Հարությունյան