09:41 | 23.05.12 | Նորություններ | 881
Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ը լայն հանրության համար հասանելի է դարձրել իր So.cl որոնման արդյունքներով կիսվելու սոցիալական ցանցը:
Վեբկայքը թույլ է տալիս օգտագործողներին կիսվել մյուսների հետ իրենց որոնման հետաքրքիր արդյունքներով, մեկնաբանել դրանք, ինչպես նաեւ կապվել համախոհների հետ, հաղորդում է BBC-ն:
Համակարգը նախատեսված է հիմնականում ուսանողների համար եւ նախկինում օգտագործվում էր միայն ԱՄՆ-ի դպրոցներում եւ համալսարաններում:
Ծառայությունից կարելի է օգտվել Faceboօk-ի աքաունթով: Microsoft-ի կողմից այն բնորոշվում է ավելի շատ որպես «փորձ», քան առկա սոցցանցերի մրցակից:
Փորձագետների գնահատմամբ, ծառայության գործարկմամբ Microsoft-ը նպատակ է հետապնդում ակտիվացնել իր Bing որոնողական համակարգի օգտագործումը, որն այս տարվա ապրիլի դրությամբ զբաղեցնում էր ամերիկյան շուկայի 15,4%-ը՝ մրցակից Google-ի 66,5%-ի դիմաց: