09:55 | 22.05.12 | Նորություններ | 4693

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ARPU-ն աճել է 11%-ով

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարվա I եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասույթը կազմել է 16.7 մլրդ դրամ` 2%-ով աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով “ՄՏՍ” ԲԲԸ ֆինանսական արդյունքները ընթացիկ տարվա I եռամսյակի համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործառնական հասույթը մինչեւ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը (OIBDA) ընթացիկ տարվա I եռամսյակում կազմել է 11,3 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 36%-ով:

«OIBDA զգալի աճը պայմանավորված է ցանցի սարքավորումների փոփոխման նախագծի շրջանակներում սարքավորումների իրացմամբ, ինչը հանգեցրել է 2012 թվականի 1 եռամսյակի հաշվետվության մեջ լրացուցիչ 3,52 մլրդ դրամ եկամտի», - նշվում է “ՄՏՍ” ԲԲԸ մամլո հաղորդագրության մեջ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մեկ բջջային բաժանորդից ստացված միջին ամսական եկամուտը (ARPU) 2012թ. I եռամսյակում կազմել է 2 380 դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11%-ով: MOU ցուցանիշը (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի կողմից օգտագործված րոպեների քանակը) ավելացել է մեկ տարվա ընթացքում 7%-ով եւ կազմել 315 րոպե:

Մամլո հաղորդագրության համաձայն, տարեկան հաշվարկով ARPU-ի աճը տեղի է ունեցել աճող մրցակցության պայմաններում բարձր եկամուտ ապահովող բաժանորդների պահպանմանն ու ներգրավմանն ուղղված ջանքերի շնորհիվ, իսկ MOU-ի աճը տեղի է ունեցել ներցանցային զանգերի խրախուսման հետեւանքով` բաժանորդների հավատարմությունը բարձրացնելու նպատակով: