17:30 | 21.05.12 | Նորություններ | 1725

ԱրմենՏել-ը սկսում է փոխհատուցել իր բջջային ցանցի խափանումը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը հայտարարել է մայիսի 18-ին իր ցանցում տեղի ունեցած խափանումից տուժած Beeline բջջային կապի բաժանորդներին անվճար բոնուսային րոպեներ և անվճար ինտերնետ փաթեթներ տրամադրելու մասին:

Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար: Բոնուսները կտրամադրվեն մայիսի 18-ի դրությամբ ակտիվ կարգավիճակում գտնվող բաժանորդներին ավտոմատ կերպով սկսած մայիսի 24-ից` մեկ շաբաթվա ընթացքում և կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում:  Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում, հայտնել են ընկերությունում:

Մայիսի 18-ի առավոտյան 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել տեխնիկական խափանում: Կապը լիովին վերականգնվել է մայիսի 18-ի երեկոյան, բացառությամբ որոշ բաժանորդների, որոնց ցանցում գրանցելու համար կատարվել են անհատական սպասարկման աշխատանքներ: