09:50 | 21.05.12 | Նորություններ | 1057

Ինչպե՞ս հոդված գրել կամ խմբագրել Վիքիպեդիայում

Երեւան: Մեդիամաքս: “Վիքիպեդիա. դպրոցներ եւ համալսարաններ” նախագծի շրջանակներում Նարեկացի արվեստի կենտրոնում կայացել է “Վիքիպեդիայի հայերեն հոդվածների համալրում”  թեմայով տեսական եւ գործնական դասընթացը։

«Մեր նպատակն է վաղ տարիքից ինտերնետ օգտագործողներին սովորեցնել ոչ  միայն ստանալ ինտերնետից, այլ նաեւ տալ, ինչի հնարավորությունը տալիս է Վիքիպեդիան եւ նրա քույր նախագծերը՝ Վիքիլսարան, , Վիքիգրքեր, Վիքիբառարան, Վիքիքաղվածք, Վիքիպահեստ» ,- ասել է նախագծի անդամներից՝  Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի ծրագրերի համակարգող Արմենուհի Պողոսյանը։

Դասընթացի ժամանակ ներկայացվել են Վիքիպեդիայի հոդվածները խմբագրելու  հիմնական գործիքները, նոր հոդվածի ստեղծումը, գոյություն ունեցող հոդվածի ավելացումը, պակասեցումը, համալրումը, սրբագրումը եւ այլն: Զուգահեռ ներկաները փորձել են համալրել հայերեն Վիքիպեդիան նոր հոդվածներով։

«Վիքիպեդիայում աշխատելու հիմունքները մատչելի են։ Պետք է  աշխատել, խմբագրել։ Վերջին երեք տարիների ընթացքում աշխատողների ու խմբագրողների թվում դրական տեղաշարժ է նկատվում. եթե երեք տարի առաջ մենք ունեինք 3500  հոդված, այսօր դրանք  25.620-նն են»,-Մեդիամաքս-ի թղթակցին ասել է հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատոր Մհեր Բեքարյանը։ Դասընթացի ժամանակ Վիքիպեդիայի հայերեն հոդվածների թիվն ավելացել է  եւս մեկով։

Վիքիպեդիայում հոդված ստեղծելու եւ խմբագրելու մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

«Վիքիպեդիա. դպրոցներ եւ համալսարաններ» նախագծի հիմնադիրներն են ԿԱԶԱ մարդասիրական հիմնադրամը, ԱՆԱՀԻՏ նախաձեռնությունը, Հայերեն Վիքիպեդիա համայնքի ադմինիստրատորները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ARAX օպերացիոն համակարգի աշխատանքային թիմը եւ Ինստիգեյթ  ուսումնական կենտրոնը։