12:16 | 12.05.12 | Նորություններ | 1122
Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 11-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ հանրապետական փուլը:
Եզրափակիչ փուլին մասնակցում էին 25 աշակերտներ Երեւանից, Կոտայքի եւ Շիրակի մարզերից:
Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից, աստղաչափությունից եւ ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին Երեւանի ֆիզ.-մաթ. դպրոցի (ՖՄԴ), «Քվանտ» վարժարանի, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հենակետային վարժարանի եւ Անանիա Շիրակացու անվ. ճեմարանի սաները: Առաջին կարգի դիպլոմի արժանացան Վիրաբ Գեւորգյանը («Քվանտ») եւ Արամ Մկրտչյանը (ՖՄԴ), II կարգի` Լեւոն Ստեփանյանը («Քվանտ») եւ Վարդգես Մամբրեյանը (ՖՄԴ), III կարգի` Արսեն Վասիլյանը (ՀՊՃՀ), Գեւորգ Մարտիրոսյանը (ՖՄԴ), Վարդան Ավետիսյանը (ՖՄԴ) եւ Հովսեփ Հարությունյանը («Քվանտ»), իսկ գովասանագրերի` Վահան Ասլանյանը (ՖՄԴ), Հրաչյա Քոչարյանը («Քվանտ»), Սիրանուշ Բաբախանովան (ՖՄԴ), Դավիթ Խեչոյանը («Քվանտ»), Կարեն Համբարձումյանը (ՖՄԴ), Էդուարդ Գրիգորյանը («Քվանտ»), Հրաչյա Դավթյանը (ՀՊՃՀ) եւ Էլեն Խաչատրյանը (Շիրակացի ճ.):
Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում:
Ժյուրիի նախագահն էր աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանը, իսկ մյուս անդամներն էին Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ Մարիետա Գյուլզադյանը, Արարատ Եղիկյանը եւ Արեգ Միքայելյանը, Երեւանի պետական համալսարանի դասախոս Էմիլիա Կարապետյանը, Հայկական մանկավարժական համալսարանի դասախոս Սերգեյ Ներսիսյանը, ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանը եւ 2004թ. Միջազգային օլիմպիադայի հաղթող, ԵՊՀ մագիստրատուրայի ուսանող եւ «Քվանտ» վարժարանի ուսուցիչ Տիգրան Նազարյանը: