14:38 | 27.04.12 | Նորություններ | 965

IT-ոլորտը կաջակցի Հայաստանի պետգնումների համակարգի բարեփոխմանը

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) այսօր հայտարարել է իր  նոր` «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների եւ գնումների գործընթացում մշտադիտարկում եւ բարեփոխում» ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր ասել է, որ ծրագրի նպատակն է՝ ապահովել պետգնումների համակարգով իրականացվող մրցույթների թափանցիկությունը, պարզեցնել եւ հստակեցնել հայտարարվող մրցույթների պայմանները, «մեկ վայրում» դիտարկել պետության կողմից հայտարարվող մրցույթները, իրազեկել եւ համախմբել հասարակության ակտիվ եւ շահագրգիռ շերտերին, ինչպես նաեւ նպաստել ծրագրի ընթացքում ստացված արդյունքների շարունակականության ապահովմանը:

«Զարգացած ՏՏ-ոլորտ ունեցող երկրներում պետությունը, իր գնումների արդյունավետ քաղաքականության շնորհիվ, հանդիսանում է ոլորտի գլխավոր խթաններից մեկը: Հայաստանի պետբյուջեյի շուրջ 60%-ը ծախսվում է պետական գնումների համակարգի միջոցով ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման վրա, սակայն պետգնումների մրցույթներն ունեն բազմաթիվ թերություններ, որոնցից են հայտարարվող մրցույթների մասին տեղեկատվության անհասանելիությունը, հայտերի ընդունման, գնման առարկայի ձեռքբերման ոչ ճիշտ ժամկետների սահմանումը, թղթատարությունը, թափանցիկության ոչ բավարար մակարդակը եւ այլն», - ասել է Կարեն Վարդանյանը:

Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանն իր հերթին նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում պետական գնումների համակարգի բարեփոխումը խիստ դրական կանդրադառնա ՏՀՏ-հատվածի եւ բիզնես-միջավայրի վրա:

Ծրագրի տեւողությունն է 7 ամիս: Այն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ: