17:22 | 23.04.12 | Նորություններ | 3047

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստում է անտառ ստեղծմանը «Խոսրովի անտառ» արգելոցի հարեւանությամբ

Երեւան/Մեդիամաքս/. «Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Խոսրովի անտառ» արգելոցի հարեւանությամբ գտնվող բուֆերային գոտու ծառազուրկ հատվածում նախատեսում են անտառ ստեղծել:

Ապրիլի 22-ին մեկնարկել են անտառաստեղծման աշխատանքները: Ծառատունկի շրջանակներում նախատեսված 2000 ծառերից 1000-ը տնկվեցին ապրիլի 22-ին, իսկ մյուս մասը կտնկվի աշնանը:

«Խոսրովի անտառ» արգելոցին կից այս տարածքը պահպանվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Մասնավոր հատվածի կողմից կառավարվող եւ համակարգվող արգելոցի այս  մոդելը առաջին եւ առայժմ միակ նախադեպն է Հարավային Կովկասում: Ծրագիրն իրականցվում է World Land Trust կազմակերպության աջակցությամբ:
 
Ծառատունկին մասնակցեցին տեղական եւ միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների, հասարակական եւ պետական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քարոզարշավի շրջանակում SMS-ների միջոցով ծառեր նվիրաբերած անհատներ:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ նախաձեռնությանը` ուղարկելով կարճ հաղորդագրություն 1059 համարին եւ նշելով անուն-ազգանունը կամ այն մարդու անունը, ում ցանկանում են ծառ նվիրել: Մեկ SMS-ծառի արժեքը 1000 դրամ է, ներառյալ ԱԱՀ-ն: Ծրագիրը նախատեսված է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար: