13:11 | 14.04.12 | Նորություններ | 1361

    Հայտարարվում է մրցույթ Ռուսաստանի բուհերում սովորելու համար

    Երեւան: Մեդիամաքս: Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2012-2013թթ. ուսումնական տարում Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական եւ հետբուհական կրթություն ստանալու համար:

    Բակալավրի եւ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով նախատեսված է 60 տեղ, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 10 տեղ եւ ասպիրանտուրա՝ 30 տեղ:

    Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

    Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

    - դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
    - դիմում-հարցաթերթիկ,
    - ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
    - միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի եւ միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
    - անձնագրի պատճենը,
    - ծննդականի պատճենը նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
    - բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության
    (հիվանդությունների ցանկը կցվում է) եւ ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
    - 3x4 չափի 6 գունավոր լուսանկար,
    - արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

    Հետբուհական /ասպիրանտական/  կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաեւ`
    - ռեֆերատ /ռուսերեն, առնվազն 10 տպագիր էջ/,
    - առկայության դեպքում հրապարակած գիտական աշխատությունների ցանկ,
    - օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

    Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/:

    Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 02.05.2012թ. /ներառյալ/:
    Բակալավրի եւ ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մայիսի 7-ից մինչեւ 16-ը ընկած ժամանակահատվածում:

    Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն (ք. Երեւան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):