19:34 | 04.04.12 | Նորություններ | 766
Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 94-րդն է 142 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 15 տեղով իր դիրքի բարելավման եւ ընդհանուր միավորի 8%-անոց աճի շնորհիվ:
Այս տվյալները Մեդիամաքս-ին տրամադրել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որը Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում:
ՀՏՖ-ի գնահատականներով Շվեդիան, Սինգապուրը եւ Ֆինլանդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով՝ բարելավելով իրենց գնահատականը նախորդ տարվա համեմատ:
ԱՊՀ երկրների շրջանում ցանցային պատրաստվածության ցուցանիշով Հայաստանը ընդգրկվել է ամենաբարձր աճ գրանցած եռյակի թվում՝ թեեւ շարունակում է զիջել երկրների մեծ մասին: Նշված համադրելի երկրների շարքում ընդհանուր ցուցանիշի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Տաջիկստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել հատկապես Ռուսաստանում: Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես բարելավել են իրենց դիրքերը եւ շարունակում են Հայաստանից առաջ գտնվել (համապատասխանաբար 6 եւ 39 հորիզոնականով), թեեւ Վրաստանի հետ տարբերությունը կրճատվել է:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի դիրքերը համահունչ են ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքներին, բացառությամբ անհատների օգտագործման եւ հմտությունների հենասյուների, որտեղ Հայաստանը առավել բարձր դիրքեր ունի այդ երկրների խմբի համեմատ:
Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերն անհատների օգտագործման հենասյունով, մասնավորապես բջջային կապի բաժանորդագրությամբ:
Գործարար ոլորտի գնահատականն այս բնագավառում ավելի հետ է անհատներից: Մասնավորապես, ինտերնետի եւ բջջային կապի օգտագործման, ինչպես նաեւ տեխնոլոգիական հագեցվածության մակարդակով Հայաստանյան ընկերությունները զիջում են:
Երկրի հիմնական ուժեղ կողմերից են նաեւ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը, ինչն ապահովում է ոլորտի զարգացման ենթակառուցվածքային գնահատականների բարձրացումը: Բացի այդ, հեռահաղորդակցության ոլորտի ինտենսիվ մրցակցությամբ պայմանավորված արագընթաց զարգացումները խթանեցին Հայաստանի մրցունակությունն այս բնագավառում:
Ամենախնդրահարույց ոլորտներից են քաղաքականության եւ կարգավորման միջավայրը, ՏՀՏ-ների օգտագործման սոցիալական ազդեցությունը, բիզնեսի կողմից օգտագործումը եւ մատչելիությունը: